Նորություններ
Երեւանում, 2012թ. մարտի 18-ին, հայկական կինոպատմության մեջ առաջին անգամ կանցկացվի ազգային կինոյի մրցանակաբաշխություն

Արդեն պատրաստ է մրցանակաբշության լավագույններին շնորհվող պատվավոր արձանիկը:

 

 

Երկու ձեռքերի ցուցամատերի եւ բթամատերի միացությունը պատկերող 42 սմ բարձրությամբ արձանիկի պատվանդանը մարմարից է, իսկ ձեռքերի միացությունը`  բրոնզից, էմալապատված եւ ոսկեջրված: Երկու ձեռքերի այս միացությունը երկար ժամանակ  կինոաշխարհում օգտագործվել է որպես միջոց` պատկեր փնտրելու համար: Այն ռուսերենում կոչվում է  "Визир",  իսկ հայերենում`  հայակ, ըստ այդմ էլ, մրցանակը անվանվեց "ՀԱՅԱԿ":
Նշենք, որ արձանի հեղինակը Իզաբելլա Ներսիսյանը ոչ ճարտարապետ է, ոչ դիզայներ, ոչ քանդակագործ եւ ոչ էլ նկարչուհի: Նա դերասանուհի է: Բայց, նախապես հայտարարված մրցանակի մրցույթին ներկայացված բազմաթիվ նախագծերից հենց նրա աշխատանքը հավանության արժանացավ  խորհրդի եւ ժյուրիի կողմից:
Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, “Orange Արմենիա” ընկերության  եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Այն միտված է խթանելու եւ զարգացնելու ազգային կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:
Յուրաքանչյուր տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին կգնահատի նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը: Բացառություն կկազմի միայն առաջին մրցանակաբաշխությունը, որը կամփոփի անկախ Հայաստանի առաջին 20 տարիների կինոարտադրանքը: Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` առաջին մրցանակաբաշխությանը  մասնակցում են  միայն Հայաստանում` 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը: Արդեն հաջորդ տարիներին կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլ նաև արտերկրում հայկական թեմաներով եւ հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:
Ընդհանուր առմամաբ, մրցանակաբաշխությանը  ներկայացվել է 92 ֆիլմ, այդ թվում` 28 լիամետրաժ, 22` կարճամետրաժ, 10` անիմացիոն եւ 32` վավերագրական:
Մրցանակաբաշխության`կինոյի եւ մշակույթի անվանի գործիչներից կազմված ժյուրին Ազգային կինոյի մրցանակը կշնորհի երկու քվեարկության արդյունքում: Առաջին փուլում, յուրաքանչյուր անվանակարգի համար, ժյուրիի կողմից կընտրվեն 2-3 ֆիլմեր: Երկրորդ փուլում կորոշվեն մրցանակակիրները: Ազգային կինոյի մրցանակաբաշխության մրցանակները կշնորհվեն 12 անվանակարգերում, այդ թվում` լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարի հեղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ:  Նշյալ անվանակարգերից յուրաքանչյուրի համար համատասխանաբար ներկայացված են` 19, 18, 14,  20, 9,  18,  10,  20,  18, 31, 10, 11-ական ֆիլմերի հայտեր: Բացի հիմնական անվանակարգերից, կշնորհվի նաեւ  չորս հատուկ մրցանակ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` առաջին մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն Հայաստանում` 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը: Արդեն հաջորդ տարիներին կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլ նաև արտերկրում հայկական թեմաներով եւ հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:
Մրցանակաբաշխության ժյուրին կազմված է 11 անդամից: Յուրաքանչյուր անվանակարգին վերաբերող որոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվերակությունը գաղտնի է: Ժյուրիի նախագահը կողմ եւ դեմ հավասար ձայների դեպքում վճռական ձայնի իրավունք ունի: Կանոնակարգի համաձայն` եթե ժյուրիի որեւէ անդամ մասնակցություն է ունեցել մրցույթին ներկայացված ֆիլմերից որեւէ մեկի ստեղծմանը, ապա իրավունք չունի քվեարկելու տվյալ անվանակարգի համար: Բոլոր մրցանակակիրները կստանան մրցանակ եւ դիպլոմ:
Առաջիկայում կգործի նաեւ  մրցանակաբաշխության  վեբ-կայքը` www.hayak.am էլ. հասցեով:

Նկարներ