Նորություններ
Փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվեց 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմ

ՀՀ  ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի գլխավորած Ազգային կինոյի մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրին, փակ գաղտնի քվեարկությամբ  արդեն ընտրել է 12 անվանակարգերում հավակնորդ 36  ֆիլմերը: 

Քվեարկությունը տեղի է ունեցել  նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ:
Հիշեցնենք, որ  մրցույթին մասնակցության հայտ ներկայացված 103 ֆիլմերը` հեղինակների հայեցողությամբ առաջադրվել էին տարբեր անվանակարգերում:
“Լավագույն խաղարկային ֆիլմ” անվանակարգում ներկայացված  20 հայտից  երեքը դարձան հավակնորդներ.  ռեժիսորներ  Առնոլդ Աղաբաբովի, Սուրեն Բաբայանի եւ  Վիգեն Չալդրանյանի “Որտե?ղ էիր, մարդ Աստծո”,  “Ժանո”  եւ  “Ձայն  բարբառո…” ֆիլմերը:
“Լավագույն ռեժիսոր” անվանակարգում ներկայացված 18 հայտից քվեարկության արդյունքում  հավակնորդներ դարձան ` ռեժ. Հարություն Խաչատրայանը  “Սահման”,  ռեժ. Դմիտրի Կեսայանցը  “Անիծվածները”  եւ  ռեժ. Վիգեն Չալդրանյանը  “Ձայն Բարբառո…” ֆիլմերից:
“Լավագույն օպերատոր”  անվանակարգում ներկայացված 15 հայտից  քվերակության արդյունքում ընտրվեցին “Որտեղ էիր, մարդ Աստծո”, “Վավերագրողը” եւ “Սահման” ֆիլմերի օպերատորները` Լեւոն Աթոյանցը, Վահագն Տեր-Հակոբյանը եւ Վրեժ Պետրոսյանը:
“Լավագույն սցենարի հեղինակ” անվանակարգի համար ներկայացված 21 ֆիլմից  ընտրվեցին Առնոլդ Աղաբաբով – Զորայր Խալափյան, Միքայել Ստամբոլցյան-Հարություն Խաչատրյան, Վիգեն Չալդրանյան-Ա.Այվազյան-Ա.Ստեփանյան ` “Որտեղ էիր, մարդ Աստծո”, “Պոետի վերադարձը” եւ  “Ձայն բարբառո…” ֆիլմեր սցենարիստները:
“Լավագույն նկարիչ” անվանակարգում ներկայացված 9 հայտից ընտրվեցին  “Քրմուհին”, “Ժանո” եւ “Մի նայիր հայելուն” ֆիլմերի նկարիչներ` Վիգեն Չալդրանյան-Վարդան Սեդրակայան եւ Վարդան Սեդրակայանը մյուս 2 ֆիլմերից:
“Լավագույն կոմպոզիտոր” անվանակարգում ներկայացված 18 ֆիլմից ընտրվեցին Վահագն Հայրապետյանը, Վաչե Շարաֆյանը եւ Յուրի Հարությունյանը` “Խճճված զուգահեռներ”, “Մաեստրո” եւ “Որտեղ էիր, մարդ Աստծո” ֆիլմերից:
“Լավագույն դերասանուհի” անվանակարգում ներկայացված 10 հայտից ընտրվեց Աննա Էլբակյանը, Անահիտ հարությունյանը եւ Ռուզան Վիթ Մեսրոպյանը` “Որտեղ էիր, մարդ Աստծո”, “Ուրախ ավտոբուս” եւ “Քրմուհին” ֆիլմերից:
“Լավագույն դերասան” անվանակարգում առաջադրված 20 հայտից քվերակության արդյունքում ընտրվեցին Ժան Պիեր Նշանյանը, Նիկոլայ Ծատուրյանը եւ Միքայել Պողոսյանը “Ժանո” , “Ընկեր Փանջունի” եւ “Երեւան, ջան” ֆիլմերից:
“Լավագույն կարճամետրաժ ֆիլմ” անվանակարգի համար ներկայացված 24 ֆիլմերից ընտրվեցին Գագիկ Հարությունյանի “Յարխուշտա”, Վահե Գեւորգյանցի “Մեծ տոն” եւ Արման Չիլինգարյանի “Ցատկերթ” ֆիլմերը:
 Առավել  ծանր է եղել “Լավագույն վավերագրական ֆիլմ”անվանակարգում, քանի որ այստեղ ներկայացված են եղել թվով ամենաշատ` 36 հայտերը, որոնցից ժուրին ընտրեց Էդգար Բաղդասարյանի “Արարատից Սիոն”, Վարդան Հովհաննիսյանի “Պատմություններ պատերազմի եւ խաղաղության մասին” եւ Հովիկ Հախվերդյանի “Նարեկացի որոնելիս” ֆիլմերը:
“Լավագույն անիմացիոն ֆիլմ” անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվեցին Դավիթ Սահակյանի “Հայրեններ”, Արման Մանարյանի “Սասունցի Դավիթ” եւ Գայանե Մարտիրոսյանի “Տարաշխարհիկները” ֆիլմերը:
“Լավագույն դեբյուտ” անվանակարգում ներկայացված  13 հայտից ընտրվեցին Հովհ.Գալստյանի “Խճճված զուգահեռներ”, Գուժ Թադեւոսյանի “Մարգար պապ” եւ Արտակ Իգիթյանի եւ Վահան Ստեփանյանի “Վանա ծովուն արշալույսը” ֆիլմերը:
Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, “Օրանժ  Արմենիա” ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները` 12  լավագույնները հայտնի կդառնան մարտի 18-ին` Ալ.Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանլիք  հանդիսավոր երեկոյի ժամանակ:
Հավակնորդ բոլոր ֆիլմերը մինչեւ մրցանակաբաշխության օրը կցուցադրվեն “Նաիրի” կինոթատրոնում եւ  հեռուստատեսությամբ, նախապես կազմված ցանկի համաձայն: Ժամկետների եւ սեանսների մասին նախապես կտեղեկացվի հանրությանը:
Տեղեկացնենք նաեւ, որ մրցանակաբաշխության հաշվիչ հանձնաժողովը բաղկացած էր 4 անձից. Կինոքննադատ` Րաֆֆի Մովսիսյան, “Առավոտ” օրաթերթի մշակութային թղթակից Գոհար Հակոբյան, Erevan.ru լրատվական գործակալության թղթակից Ռուբեն Իշխանյան եւ պրոդյուսեր Սահականուշ Սահակյան:

Նկարներ