2006 թվականից ՀՀ կառավարության N1110-Ն որոշմամբ ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է 1923թ․ հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը գործում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգում։

 

Հայաստանի կառավարության 1923թ․ ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետը նպատակ ուներ Խորհրդային Հայաստանում կինոարտադրություն ստեղծել և նախաձեռնությունը ստանձնեց Դանիել Դզնունին (1895-1967թթ․), ով այդ հսկայածավալ աշխատանքն իրականացնելու համար պետական բյուջեից ստացել էր ընդամենը 60 ռուբլի։

 

Նորաստեղծ «Պետկինոն», սակայն, շատ արագ սկսեց հաստատուն քայլեր անել և ընդամենը երկու տարի անց՝ 1925թ․ իր առաջին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրեց «Խորհրդային Հայաստան» լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Նույն տարվա մեջ ստուդիան ձեռնամուխ եղավ հայկական առաջին գեղարվեստական ֆիլմի նկարահանումներին, որի համար Թիֆլիսից հրավիրվել էր դերասան և ռեժիսոր Համո Բեկնազարյանը (1892-1965թթ․)։

 

1926թ․ էկրան բարձրացած «Նամուսը» շռնդալից հաջողություն է ունենում ԽՍՀՄ-ում, այսպիսով կայուն հիմքերի վրա դնելով ստուդիայի հետագա զարգացումը։

 

Հաջորդ տասնամյակի ընթացքում՝ Բեկնազարյանի գեղարվեստական ղեկավարության ներքո, 1928թ․ «Հայկինո» վերանվանված ստուդիան արտադրում է երեսուներկու համր գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, որոնցից շատերը հաստատուն տեղ են գրավել համաշխարհային կինոյի պատմության մեջ։

 

Հնչյունային կինոյի նորամուտը հայկական իրականությունում նույնպես կայացել է միջազգային համբավ և տարածում ստացած գլուխգործոցով՝ Համո Բեկ-Նազարյանի 1935թ․ էկրանավորված «Պեպո» դրամայով։ Այս մեծադիր կինեմատոգրաֆիկ կտավը, ազդանշում էր ստուդիայի աճող նկրտումները դեպի ավելի լայնամասշտաբ արտադրություն։ Ու թեև, 1938թ․ կրկին վերանվանված «Երևանի կինոստուդիան» թողարկում է մի քանի մեծածավալ պատմական դրամաներ 1936-50թթ․ («Զանգեզուր», «Դավիթ Բեկ», «Անահիտ» և այլն), ստալինյան բռնատիրության պայմաններում, ստուդիայի արտադրանքը քանակական ու որակական կտրուկ անկում է ապրում։

 

Համո Բեկ-Նազարյանի վերջին հայկական կինոնկարի՝ 1950թ․ ստեղծված «Երկրորդ քարավան» քաղաքական դրամայի արգելումից հետո, «Երևանի կինոստուդիայում» նկարահանումները դադարում են շուրջ չորս տարի։

 

Գործունեության նոր փուլը մեկնարկել է Խրուշչովյան բարեփոխումներից հետո, երբ 1954թ․ ստուդիայում վերսկսվում է արտադրական ու ստեղծագործական աշխատանքը և ասպարեզ են գալիս երիտասարդ նոր ռեժիսորներ, ինչպիսիք են՝ Գրիգորի Մելիք-Ավագյանը, Ստեփան Կևորկովը, Յուրի Երզնկյանը, Լևոն Իսահակյանը և այլք։

 

1958թ.-ից սկսած, այդ ռեժիսորների հեղինակած գեղարվեստական ֆիլմերն արդեն թողարկվում են Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» ստուդիայի խորագրի ներքո։ Ջանալով հարստացնել իր կադրային բազան, ստուդիան պարբերաբար աշխատանքի է հրավիրել Մոսկվայի բարձրագույն կինեմատոգրաֆիկ ինստիտուտի հայազգի շրջանավարտներին, ինչը որակական մեծ թռիչք է ապահովում տեղական կինեմատոգրաֆին՝ 1960-70թթ․ ընթացքում։ Այդ տարիներին ստեղծվել են խորհրդահայ կինոյի առավել նշանակալի գործերից շատերը, որոնք իրենց անքակտելի դրոշմն են թողել հայ արդի մշակույթի վրա, ինչպես և 20-րդ դարի երկրորդ կեսի միջազգային կինոյի պատմության էջերում։ Դրանց թվում են՝ Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ․), Հենրիկ Մալյանի «Եռանկյունի» (1965թ․), «Մենք ենք մեր սարերը» (1969թ․), Սերգեյ Փարաջանովի «Նռան Գույնը» (1969թ․), Արման Մանարյանի «Կարինե» (1967թ․) և «Հեղնար աղբյուր» (1970թ․) ֆիլմերը։

 

Լև Ատամանովի 1948թ․ «Կախարդական գորգից» քսան տարի անց, «Հայֆիլմը» նաև վերսկսում է անիմացիոն ֆիլմերի արտադրությունը։ Այդ բնագավառում ստուդիան հասնում է յուրահատուկ հաջողությունների, ձևավորելով տեղական անիմացիայի ուրույն դպրոց, շնորհիվ այնպիսի վարպետների ինչպիսիք են՝ Վալենտին Պոդպոմոգովը, Ռոբերտ և Լյուդմիլա Սահակյանցները, Գայանե Մարտիրոսյանը և այլք։

 

Շուրջ 80 տարվա գոյության ընթացքում «Հայֆիլմում» ստեղծվել են տարբեր տևողությունների 420-ից ավելի գեղարվեստական, վավերագրական ու անիմացիոն կինոնկարներ։ Դրանից զատ, այստեղ արվել են նաև արտասահմանյան հարյուրավոր ֆիլմերի հայերեն ձայնավորումներ։ Ստուդիայի արտադրական թափն աճել է այն աստիճան, որ 1978թ․ ամբողջ արտադրական և վարչական բազան տեղափոխվել է Երևանի հյուսիսային ծայրամասում կառուցված, մասնագիտացված նոր համալիր։

 

1990թ.-ին «Հայֆիլմի» վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորումն առանձնացել է և փաստագրական ֆիլմադարանով հանդերձ` վերակազմակերպվել Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի:

 

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի տնտեսության մեջ շուկայական հարաբերությունների հաստատմամբ` կինոարտադրությանը հատկացվող ֆինանսական ներդրումները եղել են նվազագույն, որի պատճառով կտրուկ կրճատվել է ֆիլմարտադրության ծավալը:

 

1990-ականներին «Հայֆիլմում» ստեղծվել են հատուկենտ ֆիլմեր, ու թեև այդ պատկերը սկսել է փոխվել 2000-ականների սկզբին, ստուդիան մասնավորեցվում է 2006թ․։

 

Դրան զուգահեռ հիմնվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը՝ կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություն և «Հայֆիլմ» ստուդիայի իրավահաջորդ։ Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսօր իրականացնում է բազմաթիվ գործառույթներ. ֆինանսական աջակցություն է տրամադրում տեղական կինոարտադրողներին, զբաղվում է կինոժառանգության հանրահռչակմամբ, ակտիվորեն մասնակցում է միջազգային կինոփառատոներին և կինոշուկաներում ներկայացնում հայկական կինոնկարները:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը