ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆ

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ - ԱՌԱՋԱՐԿ

 

Հայկական կինեմատոգրաֆը շուրջ հարյուրամյա գոյության ընթացքում զարգացել է բազմաթիվ ընդհարումների և ճգնաժամերի միջով։ Արդյունքում ստեղծվել է բազմաշերտ մի ժառանգություն, որն արժեքավոր է հենց իր ներքին հակասությունների, բևեռացումների և կտրուկ անցումների պատճառով։ Չնայած համեմատաբար փոքր մասշտաբներին, սույն ժառանգությունը դեռ սպասում է իր պատշաճ գնահատականին և ուսումնասիրմանը։

 

Ընդունելով կինոյի կարևորությունը՝ որպես բարձր մշակույթի ու արդի ազգային ինքնության կայացման առանցքային գործոն, անհրաժեշտ է արմատականորեն վերանայել հայ կինոյի ժառանգության պահպանման, մատուցման և տարածման ներկա ձևաչափերը: Ուստի, Ազգային կինոկենտրոնի ժառանգության նորաստեղծ բաժնի օրակարգը ներառում է հետևյալ գործառույթները.

 

  • Հայաստանում պահվող տարբեր ժապավենային ֆոնդերի ուսումնասիրում, գույքագրում և համակարգում։

 

  • Հայկական կինոյի հետազոտական - տեղեկատվական առցանց շտեմարանի ստեղծում հայերեն - անգլերեն տարբերակով։

 

  • Թվայնացման ու մասնագիտական վերականգման լաբորատորիայի ստեղծում՝ պահպանման և հանրայնացման նպատակների համար։

 

  • Նոր օրենսդրական լծակներ և նախագծեր՝ միտված անկախության շրջանի հայ կինոյի հավաքագրման և պահպանման համար։

 

  • Կինոժառանգության հանրայնացման նախագծեր, որոնց թվում են՝ հայկական դասական ֆիլմերի անգլերեն ենթագրերի ստեղծում, կրթական ձեռնարկներ դպրոցական դասընթացների համար, միջազգային գիտաժողովների կազմակերպում և մասնակցություն, հայ կինոյի պատմությունը ներկայացնող ցուցահանդեսներ, հայ կինոյի պատմությանն ու կինոգործիչներին նվիրված մատենաշար, կինոգիտական ժողովածուներ և այլն։

 

  • Ակտիվ համագործակցական կապերի հաստատում միջազգային տարբեր կինոարխիվների և կինոյի պատմությամբ զբաղվող հաստատությունների հետ։

 

  • Հեռուստատեսային, ինչպես նաև առցանց հարթակների համար պատրաստված կրթական - վերլուծական հաղորդաշարեր։

 

  • Ռուսաստանի կինոարխիվային ֆոնդերում պահվող հայկական ֆիլմերի նեգատիվների բարձրորակ թվային պատճենների ձեռք բերում՝ հետագա վերականգման նպատակներով։

 

  • Հայկական ֆիլմերի վերականգնված տարբերակների վարձույթ՝ փառատոների, առցանց հեռարձակման ծառայությունների, streaming կայքերի և այլ կոմերցիոն նպատակների համար։

 

Նշված նախագծերը միտված են հիմնովին փոխակերպելու հայ կինոյի ժառանգության հանրային և միջազգային ընկալումները, ինչպես նաև պետական հայեցակարգերը։ Սույն նախաձեռնությունների նպատակն է ստեղծել հիմքային նոր մոդել հայկական կինոժառանգության շարունակական արժևորման, պահպանման ու հանրայնացման համար:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը