ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

ՏՆՕՐԵՆ

 

ք.Երևան                                                                                                                                         «18» ապրիլի 2025թ.

 

 

ՀՐԱՄԱՆ N 57-Լ

 

ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ 29.04.2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԿԻՆՈՆԿԱՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

  1. Հաստատել՝

1) ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը՝ համաձայն Հավելված 1-ի:

2) ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթներին  մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկերը՝ համաձայն Հավելված 2-ի:

3) ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների շրջանակում յուրաքանչյուր ֆիլմի նախագծին հատկացվող պետական ֆինանսավորման առավելագույն չափերը՝ համաձայն Հավելված 3-ի:

  1. Սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում այն հրապարակել ազգային մարմնի պաշտոնական կայքում:
  2. Ուժը կորցրած ճանաչել 29․04.2024 թվականին հաստատված «Կինոնկարների նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգը։
  3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

                                                                         ՏՆՕՐԵՆ՝               ԴԱՎԻԹ ԲԱՆՈՒՉՅԱՆ

                                                                                                        

                                                                                                                                  

 

 Հավելված 1

                                                                                                                                     Հայաստանի կինոյի հիմնադրամի

                    տնօրենի 18․04․2025թ․ թիվ 57-Լ  հրամանի

 

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I.ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


1. Սույն կանոնակարգում (այսուհետ՝ Կանոնակարգ) օգտագործվող հասկացությունները ունեն «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված նշանակությունները։ Կանոնակարգում օգտագործվող այլ հասկացություններ․
1) Մրցույթ՝ ազգային ֆիլմերի նախագծերի (այսուհետ՝ Ֆիլմ) պետական ֆինանսավորման տրամադրման նպատակով ազգային մարմնի կողմից կազմակերպվող և անցկացվող մրցույթ,
2) Աջակցություն՝ Մրցույթում հաղթած Ֆիլմերի պետական ֆինանսավորում,
3) Հայտ՝ Կանոնակարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթ, որն անհրաժեշտ է Մրցույթին մասնակցելու համար,
4) Հայտատու` ազգային մարմին Հայտ ներկայացնող, Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող ռեզիդենտ, օրենքով սահմանված կարգով գրանցված տնտեսավարող սուբյեկտ, որը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում կինեմատոգրաֆիայի ոլորտում,
5) Նախնական ուսումնասիրություն՝ Հայտերի ամբողջականության ու Կանոնակարգի պայմաններին համապատասխանության ուսումնասիրում,
6) Վերջնական գնահատում՝ Փորձագիտական հանձնաժողովի կողմից Ֆիլմի որակի գնահատում և դրա ներուժի որոշում,
7) Աշխատանքային խումբ՝ ազգային մարմնի տնօրենի հրամանով ձևավորված խումբ, որն իրականացնում է Նախնական ուսումնասիրություն:
8) Փորձագիտական հանձնաժողով՝ Մրցույթին ներկայացված Ֆիլմի գնահատման նպատակով ազգային մարմնի տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողով, որը բաղկացած է հանձնախմբերից,
9) Զարգացում՝ Ֆիլմի ստեղծման նախաարտադրական (preproduction) փուլ, որի ընթացքում Ֆիլմարտադրողը մշակում է ֆիլմի սցենարը, հավաքում ստեղծագործական և տեխնիկական թիմը, փնտրում ֆինանսական միջոցներ և նախապատրաստում արտադրական գործընթացը:
10) Արտադրություն՝ Ֆիլմի ստեղծման գործընթաց, որն իր մեջ ներառում է արտադրական փուլը:
11) Հետարտադրություն՝ Ֆիլմի նկարահանված նյութի մոնտաժա-ձայնագրման և ելանյութերի պատրաստման գործընթաց:

 

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


2. Կանոնակարգով կարգավորվում են Մրցույթի, Աջակցության, Աշխատանքային խմբի և Փորձագիտական հանձաժողովի կազմավորման կարգի և գործառույթների հետ կապված հարաբերությունները:
3. Մրցույթում հաղթած Ֆիլմերին Աջակցություն հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հաստատված միջոցների շրջանակներում՝ համաձայն բյուջեով նախատեսված եռամսյակային վճարումների պլանի։
4. Մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր տարի առնվազն երկու անգամ` Կանոնակարգով սահմանված ժամկետներում։ Տվյալ տարում անցկացվող երկրորդ Մրցույթում հաղթող ճանաչված ֆիլմերի պետական ֆինանսավորումը կարող է իրականացվել հաջորդ ֆինանսական տարում։ Մրցույթն անցկացվում է հետևյալ խմբավորմամբ և անվանակարգերում՝
1) լիամետրաժ՝ խաղարկային, վավերագրական ու անիմացիոն ֆիլմեր,
2) կարճամետրաժ` խաղարկային, վավերագրական ու անիմացիոն ֆիլմեր:
5. Կանոնակարգի իմաստով դեբյուտ է համարվում ռեժիսորի առաջին կարճամետրաժ կամ առաջին լիամետրաժ Ֆիլմը՝ անկախ ֆինանսավորման աղբյուրից: Դեբյուտային լիամետրաժ Ֆիլմի արտադրությունից հետո Հայտատուի կողմից նույն անվանակարգի առաջին կարճամետրաժ Ֆիլմը չի համարվում դեբյուտային: Կարճամետրաժ Ֆիլմերի արտադրության անվանակարգում Վերջնական գնահատման փուլում դեբյուտային Ֆիլմերի Հայտերի հավասար գնահատական ստացած լինելու դեպքում նախապատվություն է տրվում մինչև 35 տարեկան ռեժիսոր ունեցող (այդ թվում ուսանող) Ֆիլմերին:
6. Ֆիլմի ընդհանուր բյուջեն ներառում է Զարգացման, Արտադրության և Հետարտադրության փուլերի ծախսերը։
7. Հայաստանյան կողմը հիմնական Ֆիլմարտադրող է, եթե Ֆիլմի միջոցների մեծամասնությունը ներդրվել է ՀՀ պետական բյուջեի և/կամ ՀՀ ռեզիդենտ անձանց ֆինանսավորմամբ և Ֆիլմի հիմնական ստեղծագործական կազմի (բեմադրող ռեժիսորը, սցենարի հեղինակը, տվյալ ստեղծագործության համար ստեղծված երաժշտական ստեղծագործության հեղինակը, երկխոսության հեղինակը, բեմադրող օպերատորը) մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
8. Հայաստանյան կողմը հիմնական Ֆիլմարտադրող չէ, եթե Ֆիլմի ֆինանսական միջոցների մեծամասնությունը չի ներդրվել ՀՀ պետական բյուջեի և/կամ ՀՀ ռեզիդենտ անձանց ֆինանսավորմամբ, սակայն Ֆիլմի հիմնական ստեղծագործական կազմից (բեմադրող ռեժիսորը, սցենարի հեղինակը, տվյալ ստեղծագործության համար ստեղծված երաժշտական ստեղծագործության հեղինակը, երկխոսության հեղինակը, բեմադրող օպերատորը) առնվազն երկուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են: Տվյալ ձևաչափով ֆիլմարտադրություն իրականացնելու նպատակով հայաստանյան ֆիլմարտադրողը պետական աջակցություն ստանալու համար կարող է դիմել՝ Ֆիլմի ընդհանուր բյուջեի ֆինանսավորման առնվազն 50 %-ը ունենալու դեպքում:

 

III. ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ


9. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է ազգային մարմնի պաշտոնական կայքում, զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am
10. Մրցույթի մասին հայտարարության հրապարակումից 30 օրացուցային օր հետո ազգային մարմինը սկսում է Հայտերի ընդունման գործընթացը:
11. Հայտերի ընդունումը իրականացվում է 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում:
12. Մրցույթի մասին պաշտոնական հայտարարությունը պետք է պարունակի մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող Ֆիլմերի
1) անվանակարգերը,
2) ներկայացնելու պայմանները (առցանց եղականով և այլն), ժամկետները,
3) տվյալ մրցույթի անցկացման համար սահմանված լրացուցիչ պահանջները (առկայության դեպքում),
4) անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
13. Մրցույթն անցկացվում է հետևյալ 3 փուլերով․
1) Նախնական ուսումնասիրում,
2) Վերջնական գնահատում,
3) Հայտերի հաստատում:
14. Մրցույթին մասնակցելու համար Կանոնակարգով նախատեսված ժամկետներում և ընթացակարգով Հայտատուն պետք է ներկայացնի Հայտ՝ ըստ Ֆիլմի տևողության, անվանակարգի և փուլերի համար սահմանված համապատասխան ձևաթղթի:
15. Լիամետրաժ Ֆիլմերի Հայտերը կարող են ներկայացվել Մրցույթի հետևյալ 3 (երեք) փուլերի համար.
1) Զարգացում,
2) Արտադրություն,
3) Հետարտադրություն:
16. Ֆիլմարտադրողները մեկ Մրցույթի շրջանակներում կարող են Հայտ ներկայացնել միաժամանակ Արտադրության և Հետարտադրության փուլերի Աջակցություն ստանալու համար։
17. Կարճամետրաժ Ֆիլմերի Հայտերը ներկայացվում են Մրցույթի Զարգացում, Արտադրություն, Հետարտադրություն փուլերի համար միաժամանակ՝ մեկ Հայտի շրջանակներում։ Կարճամետրաժ խաղարկային կամ վավերագրական Ֆիլմերի Հայտերի ներկայացման համար պարտադիր է հայաստանյան կողմի հիմնական Ֆիլմարտադրող լինելը։
18. Հայտը ներկայացվում է հայերեն, իսկ օտարալեզու փաստաթղթերը՝ հայերեն թարգմանության ուղեկցությամբ:
19. Նկարահանումներն սկսած ֆիլմերը Արտադրություն և Հետարտադրություն փուլերի համար մրցույթին մասնակցել չեն կարող՝ բացառությամբ վավերագրական ֆիլմերի:
20. Աջակցություն ստացած Ֆիլմարտադրողը նույն Ֆիլմի համար իրավունք ունի դիմելու Մրցույթի մեկ այլ փուլի, եթե պատշաճ կարգով իրականացրել է ազգային մարմնի հետ կնքված պայմանագրային պարտավորությունները և ներկայացրել համապատասխան հաշվետվություններ, որոնք ընդունվել են ազգային մարմնի կողմից:
21. Ֆիլմերը, որոնք Մրցույթի որևէ փուլի համար ստացել են Աջակցություն, նույն փուլի Մրցույթին կրկին անգամ մասնակցել չեն կարող:
22. Ֆիլմերը, որոնց Հայտերը մերժվել են, կարող են դիմել նոր Մրցույթի մասնակցելու համար ևս 2 (երկու) անգամ:
23. Հայտը պետք է ներկայացվի Կանոնակարգով սահմանված կարգով` 2 (երկու) ամբողջական PDF ֆայլերում ներառելով Կանոնակարգի ձևաթղթերով պահանջվող փաստաթղթերը՝ թվարկված խմբավորմամբ և հերթականությամբ: (Ձև 1, Ձև 2, Ձև 3, Ձև 4, Ձև 5, Ձև 6, Ձև 7, Ձև 8, Ձև 9, Ձև 10, Ձև 11, Ձև 12, Ձև 13, Ձև 14, Ձև 15, Ձև 16, Ձև 17):
24. Մինչև Հայտը ներկայացնելու համար սահմանված ժամկետի լրանալը՝ Հայտատուն իրավունք ունի իր Հայտը փոխելու, գրավոր չեղարկելու կամ նոր փաստաթղթերով համալրված կրկին ներկայացնելու: Հայտը ներկայացնելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված Հայտը չի ընդունվում:
25. Ազգային մարմնի տնօրենի հրամանով, Մրցույթին ներկայացված Հայտերի Նախնական ուսումնասիրություն իրականացնելու համար ազգային մարմնի աշխատակիցների կազմից ձևավորվում է Աշխատանքային խումբ։
26. Աշխատանքային խումբը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է Հայտի ամբողջականությունն ու բովանդակությունը։
27. Հայտը Կանոնակարգի պահանջներին չհամապատասխանելու, ոչ հավաստի տեղեկատվություն պարունակելու, ոչ ամբողջական լինելու, ինչպես նաև դրանում թերություններ կամ տեխնիկական սխալներ հայտնաբերելու պարագայում Աշխատանքային խումբը առաջարկում է Հայտատուին 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերը կամ շտկել առկա թերությունները՝ այդ մասին գրավոր կամ էլեկտրոնային փոստի միջոցով Հայտատուին ծանուցելու միջոցով։
28. Կանոնակարգի 26-րդ կետով սահմանված ժամկետը կասեցվում է ազգային մարմնի կողմից Հայտատուին ներկայացված փաստաթղթերը համալրելու կամ շտկելու ծանուցում ուղարկելու օրվանից մինչև ազգային մարմնի կողմից այդ փաստաթղթերի ստացման օրը։
29. Հայտը Աշխատանքային խմբի կողմից չի ընդունվում և չի ուղարկվում Փորձագիտական հանձնաժողովի դիտարկմանը, եթե.
1) Հայտատուի կողմից չի ապահովվել Կանոնակարգի 27-րդ կետով սահմանված գործընթացը,
2) Ֆիլմը ներկայացվել է Կանոնակարգի ուժի մեջ մտնելուց առաջ ազգային մարմնի կողմից ֆինանսավորում ստացած այն տնտեսավարող սուբյեկտի կողմից, որը մինչև Կանոնակարգով սահմանված կարգով Մրցույթի մասին հայտարարությամբ սահմանված ժամկետի լրանալն ունի ազգային մարմնի հանդեպ ժամկետանց ցանկացած տեսակի պայմանագրային պարտավորություններ,
3) Կանոնակարգի 30-րդ կետով նախատեսված Հայտատուին ուղղված պահանջը ազգային մարմնի սահմանած ժամկետում չկատարելու դեպքում։
30. Հայտում նշված տեղեկությունների հավաստիությունն ստուգելու նպատակով Աշխատանքային խմբի առաջարկությամբ ազգային մարմինն իրավունք ունի Հայտատուից պահանջել և ստանալ Հայտի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն և լրացուցիչ փաստաթղթեր, ինչպես նաև երրորդ անձանցից ստանալու տեղեկատվություն։
31. Աշխատանքային խմբի որոշումը՝ Հայտատուի Հայտը չընդունելու վերաբերյալ ձևակերպվում է Աշխատանքային խմբի նիստի արձանագրությամբ և այդ մասին Հայտատուն ծանուցվում է 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:
32. Աշխատանքային խմբի կողմից Նախնական ուսումնասիրման փուլում ուսումնասիրված Հայտը, Կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, տրամադրվում է Փորձագիտական հանձնաժողովի անդամների դիտարկմանը։
33. Ամբողջական է համարվում Կանոնակարգի 23-րդ կետին և Հրամանի Հավելված 2-ին համապատասխան ներկայացված տեղեկատվությունը:
34. Փորձագիտական հանձնաժողովը Կանոնակարգի 58-րդ կետով սահմանված չափանիշներով իրականացնում է Հայտի Վերջնական գնահատում՝ Աշխատանքային խմբի կողմից Հայտը դիտարկման համար ներկայացնելուց հետո 25 (քսանհինգ) աշխատանքային օրվա ընթացում:
35. Հայտը ենթակա է մերժման փորձագիտական հանձնաժողովի կողմից, եթե.
1) Ֆիլմը պարունակում է թմրամիջոցների, հոգեմետ, հոգեներգործուն նյութերի կամ դրանց պրեկուրսորների ստեղծման և պատրաստման մեթոդների, պոռնկագրության, բռնության և դաժանության պաշտամունքը քարոզող նյութեր.
2) Ֆիլմում օգտագործվում են թաքնված տեխնիկական մեթոդներ այնպիսի տեղեկատվության տարածման համար, որոնք ազդում են մարդկանց ենթագիտակցության վրա կամ վնասակար ազդեցություն ունեն նրանց առողջության վրա.
3) Կանոնակարգի 50-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հանգամանքների ի հայտ գալու դեպքում։
36. Մրցույթը հայտարարվում է չկայացած, եթե մինչև Հայտերի ընդունման վերջնաժամկետը ոչ մի Հայտ չի ներկայացվել կամ Մրցույթին ներկայացված բոլոր Հայտերը չեն ընդունվել Նախնական ուսումնասիրման փուլում, կամ մերժվել են Վերջնական գնահատման փուլում։
37. Նախնական ուսումնասիրման փուլում ընդունված Հայտերի անվանացանկերը և Մրցույթի Փորձագիտական հանձնաժողովի կազմը հրապարակվում են ազգային մարմնի պաշտոնական կայքում և տեղեկությունն ուղարկվում է Հայտատուներին՝ 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

 

IV. ՖԻԼՄԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ


38. Աջակցությունը տրվում է Հրամանի Հավելված 3-ում սահմանված ֆինանսավորման չափերով:
39. Յուրաքանչյուր տարի, մեկ մրցութային փուլի շրջանակում, նույն Հայտատուին Աջակցություն կարող է տրամադրվել մեկ լիամետրաժ և մեկ կարճամետրաժ Ֆիլմի կամ երեք կարճամետրաժ Ֆիլմերի համար:
40. Արտադրության փուլում Աջակցություն տրվում է միայն ընդհանուր բյուջեի համաֆինանսավորման իրենց հատվածը համալրած Ֆիլմերին՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
41. Արտադրության փուլի ներկայացված և Փորձագիտական հանձնաժողովի կողմից ընտրված, բայց Հայտատուների կողմից Հայտի համաֆինանսավորման իրենց հատվածի բյուջեն չհամալրած լիամետրաժ և կարճամետրաժ Ֆիլմերի Հայտատուների հետ կնքվում է համաձայնագիր՝ հաստատված գումարի չափով Աջակցության տրամադրման մասին, որով վերջինիս տրամադրվում է 18 (տասնութ) ամիս ժամանակ` Արտադրության փուլը մեկնարկելու հնարավորություններ ձեռք բերելու և Ֆիլմի բյուջեն համալրելու, համապատասխան պայմանագիրը ազգային մարմին ներկայացնելու նպատակով: Բյուջեի համալրումը հաստատող համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո ազգային մարմինը պարտավոր է կնքել պայմանագիր՝ անհրաժեշտության դեպքում սահմանելով ֆինանսավորման ժամանակացույց: Անհրաժեշտության դեպքում ազգային մարմինը Հայտատուին կարող է տրամադրել 6 (վեց) ամիս ժամկետ՝ արտադրությունը սկսելու համար:
42. Կանոնակարգի 41-րդ կետով նախատեսված ժամկետները կողմերի համաձայնությամբ կարող են ոչ ավել քան մեկ անգամ փոփոխվել՝
1) նկարահանումների հետ կապված սեզոնային անհրաժեշտության դեպքում,
2) բեմադրող ռեժիսորի, երկխոսությունների հեղինակի, բեմադրող օպերատորի, գլխավոր դերակատարների ծանր հիվանդության դեպքում, որի պարագայում անհնար կլինի արտադրություն սկսելը։
43. Ֆիլմի բյուջեի համալրման արդյունքում¸ եթե հայաստանյան կողմը հիմնական Ֆիլմարտադրողից դառնա ոչ հիմնական, ապա Աջակցությունը տրամադրվում է ոչ հիմնական արտադրողների համար սահմանված չափով և պայմաններով՝ Ֆիլմի գաղափարական հիմնական ասելիքի պահպանման դեպքում:

 

V. ԳՆԱՀԱՏՈՂ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ


44. Փորձագիտական հանձնաժողովի ձևավորման համար ստեղծված տվյալների շտեմարանը համալրելու և Մրցույթին ներկայացված Հայտերը գնահատող երկու կամ ավելի կատեգորիաներում անցկացվող առանձին մրցույթների առնվազն հինգ անդամից բաղկացած փորձագիտական հանձնախմբերի ստեղծման նպատակով ազգային մարմինը հրապարակում է հայտարարություն իր պաշտոնական կայքում: Փորձագիտական հանձնախմբերի ստեղծման նպատակով հայտարարությունը հրապարակվում է Մրցույթի հայտարարության հրապարակման օրը:
45. Հայտարարության պայմաններին համապատասխանող մասնագետների ցանկը հրապարակվում է ազգային մարմնի պաշտոնական կայքում: Ստեղծվում է փորձագետների տվյալների բաց շտեմարան:
46. Փորձագիտական հանձնաժողովի անդամների մասին համառոտ տեղեկատվությունը տեղադրվում է ազգային մարմնի պաշտոնական կայքում՝ մինչև Հայտերի ընդունման գործընթացի մեկնարկը:
47. Փորձագիտական հանձնախմբերում աշխատելու ինքնաառաջադրման սկզբունքով ընդգրկվելու Հայտ ներկայացնել կարող են կինոոլորտում առնվազն 5 (հինգ) տարվա մասնագիտական փորձ ունեցող ստեղծագործական և ոչ ստեղծագործական հետևյալ մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ պրոդյուսեր (ֆիլմարտադրող), ռեժիսոր, սցենարիստ, օպերատոր, նկարիչ, մոնտաժի ռեժիսոր/կինոխմբագիր, կինոգետ, որոնք հեղինակել կամ արտադրել են.
1) լիամետրաժ ֆիլմերի հանձնախմբում ընդգրկվելու համար` առնվազն երկու լիամետրաժ ֆիլմ, կինոգետները՝ 3 (երեք) վերլուծական հոդված,
2) կարճամետրաժ ֆիլմերի հանձնախմբում ընդգրկվելու համար` առնվազն մեկ լիամետրաժ կամ երկու կարճամետրաժ ֆիլմ, կինոգետները՝ 3 (երեք) վերլուծական հոդված:
Նախապատվությունը տրվում է ներքոնշյալ միջազգային ձեռքբերումներից որևէ մեկն ունեցող թեկնածուներին․
1. մասնակցություն միջազգային կինոփառատոնի
2. անդամակցություն միջազգային կինոփառատոնի ժյուրիի
3. միջազգային կինոփառատոնի մրցանակ
4. համաարտադրության փորձ
5. կինոգետները՝ կինոարվեստի վերաբերյալ աշխատություն կամ վերլուծական հոդվածների ժողովածու կամ միջազգային որևէ լեզվով արտերկրում հրատարակված վերլուծական հոդված:
48. Բոլոր թեկնածուները պետք է ազգային մարմնին տրամադրեն ընդլայնված ինքնակենսագրական՝ հանգամանորեն ներկայացնելով իրենց կրթական, մասնագիտական և առաջխաղացման բոլոր մանրամասները:
49. Փորձագետների տվյալների շտեմարանում ընդգրկված թեկնածուներին ազգային մարմինը ներկայացնում է հանձնախմբում աշխատելու և Ֆիլմերը գնահատելու կարգերը, ճշտում է տվյալ Մրցույթում ներկայացվելիք Հայտերի հետ նրանց առնչություն ունենալու հարցը, ծանոթացնում է Փորձագիտական հանձնախմբի անդամի հետ կնքվելիք պայմանագրի պայմաններին:
50. Ազգային մարմնի և Փորձագիտական հանձնախմբի անդամի միջև կնքված պայմանագիրը պարտադիր պարունակում է հետևյալ պայմանները.
1) Փորձագիտական հանձնախմբի անդամը չի կարող լինել ազգային մարմնի կամ լիազորված պետական մարմնի աշխատակից:
2) Փորձագիտական հանձնախմբի անդամը և նրա հետ փոխկապակցված անձինք (հայրը, մայրը, ամուսինը, կինը, ամուսնու և կնոջ ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ ու եղբոր ամուսինը և երեխաները, ինչպես նաև՝ նրանց ղեկավարած կազմակերպությունները ու նրանց աշխատակիցները) հանձնախմբերում անդամի ընդգրկվածության ողջ ժամանակահատվածի համար չեն կարող մասնակցել տվյալ անվանակարգի Մրցույթին և չեն կարող ընդգրկված լինել տվյալ անվանակարգի Մրցույթին ներկայացված Ֆիլմերի հիմնական ստեղծագործական կազմերում:
3) Սույն կետի 2-րդ ենթակետում նշված հանգամանքների ի հայտ գալու պարագայում այդ անդամները զրկվում են հանձնախմբերում աշխատելու հնարավորությունից և ազգային մարմինը միայն այդ տեղի համար ընտրում է նոր թեկնածու:
4) Փորձագիտական հանձնախմբերի անդամները պարտավորվում են իրենց տրամադրված նյութերի գաղափարները, մոտիվները, մտահղացման և այլ ստեղծագործական գաղտնիքները չօգտագործել այլ նպատակներով, բացի Կանոնակարգով իրենց տրամադրված նյութերը ուսումնասիրելու և գնահատելու համար սահմանված նպատակներից:
51. Վերջնական գնահատման փուլում փորձագիտական հանձնախմբի յուրաքանչյուր անդամ հատուկ մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար կարող է դիմել համապատասխան մասնագետի (գիտնականի, ռազմագետի, պատմաբանի, բժշկի և այլն)՝ մասնագիտական կարծիք ստանալու համար։
52. Փորձագետների տվյալների շտեմարանից կազմվում է տվյալ հանձնախմբի գնահատմանը ներկայացվող Հայտերի հետ առնչություն չունեցող թեկնածուների ցանկ, որում ընդգրկված անձանցից տվյալ Մրցույթի համար ձևավորվում են լիամետրաժ Ֆիլմերը և կարճամետրաժ Ֆիլմերը գնահատող փորձագետների 2 (երկու) առանձին հանձնախմբեր՝ յուրաքանչյուր հանձնախմբում ընդգրկելով 5 (հինգ) փորձագետ:
53. Նույն անձը հանձնախմբերում կարող է ընդգրկվել 2 (երկու) անգամ՝ հաջորդաբար անկցկացվող Մրցույթներում, ինչից հետո կրկին կարող է ընդգրվել հանձնախմբերում, եթե նրա վերջին մասնակցությունից հետո անցկացվել է առնվազն 2 (երկու) Մրցույթ:
54. Հանձնախմբերի կողմից Ֆիլմերը գնահատվում են 1 (մեկ) փուլով՝ Վերջնական գնահատում (այդ թվում՝ գեղարվեստական արժեքի գնահատում, արտադրության փաթեթների ուսումնասիրում, անհատական հանդիպում-զրույցների անցկացում, վերջնական գնահատում), համաձայն Կանոնակարգի Ձև 18-ի պահանջների:
55. Ֆիլմի փորձաքննությունն իրականացվում է Փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ Հայտում Հայտատուի ներկայացրած տվյալների, ինչպես նաև Հայտի պրոդյուսերի ու ռեժիսորի հետ անհատական զրույցների հիման վրա:
56. Վերջնական գնահատման փուլ անցած Հայտի պրոդյուսերն ու ռեժիսորը հրավիրվում են անհատական զրույցի, որին մասնակցում են տվյալ հանձնախմբի բոլոր փորձագետները և ազգային մարմնի ներկայացուցիչը:
57. Պրոդյուսերի և ռեժիսորի հետ անհատական զրույցը տեղի է ունենում յուրաքանչյուր Հայտի համար առանձին:
58. Վերջնական գնահատման փուլում յուրաքանչյուր փորձագետ ուսումնասիրում է գնահատման ենթակա Հայտերը, մասնակցում է Հայտատուների հետ անհատական զրույցին և Փորձագիտական հանձնախմբի հետ յուրաքանչյուր Հայտի համար քննարկումից հետո ազգային մարմին է ներկայացնում անհատապես լրացված գնահատման թերթիկ-հիմնավորում (Ձև 18)՝ հետևյալ չափանիշների գնահատումով․
1) ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքը.
2) ֆիլմի միջազգային ճանաչման հնարավորությունը.
3) ֆիլմի նախագծի իրականացնելիության ներուժը.
4) ֆիլմի նախագծի տնտեսական հիմնավորումը.
5) ֆիլմի առաջխաղացման և հանրությանը ներկայացնելու հեռանկարը:
59. Յուրաքանչյուր չափանիշը գնահատվում է առավելագույնը 10 (տասը) միավոր՝ 1 (մեկ)-ից մինչև 10 (տասը) միավոր, որտեղ 1-ը (մեկ) ամենացածր գնահատականն է, իսկ 10-ը (տասը)՝ ամենաբարձրը: Ընդ որում՝ ֆիլմի գեղագիտական-գեղարվեստական արժեքի չափանիշի համար նվազագույն անցողիկ է համարվում 7 (յոթ) միավորը: Գնահատականների ընդհանուր գումարից դուրս է բերվում միջին գնահատական:
60. Յուրաքանչյուր Հայտի համար բոլոր Փորձագետների ներկայացրած գնահատականների ընդհանուր գումարից դուրս է բերվում միջին գնահատական, որը համարվում է Հայտի վերջնական գնահատական։ Մրցույթի Հայտերի հաստատման փուլ անցնում են առնվազն 5 (հինգ) և ավելի միավոր ստացած Ֆիլմերը:
61. Վերջնական գնահատման փուլում Մրցույթի աշխատանքներին միանում է նաև ազգային մարմնի ներկայացուցիչը, ով ազգային մարմնի կողմից նշանակվում է Փորձագիտական հանձնաժողովի քարտուղար՝ առանց քվեարկության և միջամտության իրավունքի: Վերջինիս են տրամադրվում վերջնական գնահատման փուլ անցած և Փորձագետների կողմից գնահատված Հայտերը և գնահատման թերթիկ-հիմնավորումները` սահմանված կարգով հետագա գործընթացն ապահովելու համար:
62. Փորձագիտական հանձնաժողովի քարտուղարը 3 երեք օրվա ընթացքում Փորձագետների տրամադրած գնահատման թերթիկ-հիմնավորումների տվյալների համաձայն պատրաստում է Մրցույթի արդյունքների ամփոփման և ֆինանսավորման թերթիկները (Ձև 19)։ Հայտերի վերջնական գնահատականների հիման վրա Փորձագիտական հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է Ֆիլմերի վարկանիշ՝ միավորների նվազման կարգով։ Վարկանիշը ենթակա է հաստատման Փորձագիտական հանձնաժողովի արձանագրությամբ, որը ստորագրում են Փորձագիտական հանձնախմբերի անդամները:
63. Արձանագրությունները ստորագրելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում Փորձագետները, ազգային մարմնի տնօրենը և լիազորված պետական մարմնի մասնագետը մասնակցում են Հայտերի հաստատման փուլի նիստերին, որի ընթացքում քննարկվում են Մրցույթի արդյունքները, և համատեղ կայացվում է որոշում փորձագետների Վերջնական գնահատման արդյունքում Հայտերի հաստատման փուլ անցած Ֆիլմերին տրամադրվելիք Աջակցության վերաբերյալ՝ ըստ ստացած միավորների: Աջակցության չափերը որոշվում են՝ ելնելով Վերջնական գնահատման փուլը հաղթահարած Հայտերի քանակից և առկա պետական ֆինանսավորման միջոցների չափից։
64. Լիամետրաժ և կարճամետրաժ Ֆիլմերի Հայտերի հաստատման փուլի նիստերը տեղի են ունենում միմյանցից առանձին և արձանագրվում են: Եթե առկա է հանձնախմբի անդամի հատուկ կարծիք, ապա վերջինը կցվում է արձանագրություններին: Արձանագրությունները ստորագրում են տվյալ Փորձագիտական հանձնախմբի անդամները և քարտուղարը:
65. Աջակցություն ստանալու համար ընտրված Հայտերին տրամադրվելիք Աջակցության չափի վերաբերյալ հանձնախմբերի բոլոր անդամների, ինչպես նաև ազգային մարմնի տնօրենի և լիազորված պետական մարմնի մասնագետի միջև վիճահարույց կարծիքների առկայության դեպքում որոշում կայացվում է ընդհանուր համաձայնության` կոնսենսուսի միջոցով: Կոնսենսուս ձեռք չբերելու դեպքում՝ քվեարկության արդյունքներով, որին մասնակցում են միայն Փորձագետները։ Քվեարկության արդյունքներով հաղթողը որոշվում է քվեարկողների ձայների պարզ մեծամասնությամբ:
66. Հաստատված Հայտերի ցանկը՝ տրամադրվելիք Աջակցության չափի մասին տեղեկությամբ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ազգային մարմնի պաշտոնական կայքում, և Ֆիլմերի փաստաթղթային փաթեթները, ինչպես նաև՝ ֆիլմարտադրության ծրագիրը և արձանագրությունները, թերթիկ-հիմնավորումները ներկայացվում են լիազորված պետական մարմին՝ ազգային մարմնի հետ Ֆիլմերի նախագծերի ֆինանսավորման պայմանագիր կնքելու համար:
67. Մրցույթի շրջանակներում ստեղծված բոլոր ցանկերը կազմվում են Ֆիլմարտադրության փուլերով ու անվանակարգերով խմբավորված՝ յուրաքանչյուր Ֆիլմի դիմաց նշելով պրոդյուսերի, սցենարիստի, ռեժիսորի և Հայտատուի (տնտեսավարող սուբյեկտ) անունները:
68. Հաստատված Հայտերի անվանացանկի հրապարակումից հետո լիազորված պետական մարմնի և ազգային մարմնի միջև պայմանագիր կնքելու դեպքում ազգային մարմինը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում Հայտատուների հետ կնքում է պայմանագիր կամ համաձայնագիր։
69. Կանոնակարգով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը