Դեկտեմբերի 21 2011
Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2011թ. ընթացքում նախաձեռնել եւ իրականացրել է մի շարք կինոծրագրեր` ուղղված ազգային կինոյի պահպանությանն ու տարածմանը.
ֆինանսական աջակցություն է ցուցաբերել համատեղ արտադրությամբ նկարահանվող ֆիլմերին, կազմակերպել եւ նշել է կինոյի երախտավորների հոբելյանները, հայկական ֆիլմերը ներկայացրել է միջազգային կինոփառատոներում եւ կինոշուկաներում։
Կինոկենտրոնի նախաձեռնությամբ տարվա ընթացքում կազմակերպվել են կինոցուցադրություններ զորամասերում եւ սահմանամերձ բնակավայրերում, տպագրվել են գրքեր` նվիրված հայ կինոյի երախտավորներին:
2011թ. հոկտեմբերին, արդեն երկրորդ անգամ անցկացված «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս նախագիծը նվիրված էր Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին: Այն անցկացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Հայկական կինոյի տոնն 2011թ.-ին մեկնարկեց Սյունիքի մարզից եւ եզրափակվեց մայրաքաղաքում: Հաջորդ տարիներին նույնպես «Կինոաշունը» կսկսվի մարզերից որեւէ մեկից եւ կեզրափակվի Երեւանում` այդ կերպ հնարավորություն ընձեռելով մարզերի բնակիչներին մասնակից դառնալու մայրաքաղաքային մշակութային միջոցառումներին: 2011թ. ծրագիրն իրականացվեց բոլոր մարզերում եւ մայրաքաղաքի բոլոր համայնքներում: Յուրաքանչյուր մարզում եւ համայնքում տեղի ունեցան 5-ական կինոցուցադրումներ, այդ թվում` նաեւ բացօթյա: Ամենամյա այս կինոնախագիծը, որի նպատակն է վերականգնել կինոյի տարածման բոլոր այն խողովակներն ու միջոցները, որոնք անհետացան անցյալ դարի 90-ականների սկզբում, եւ հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրության բարի ավանդույթը եւ փլուզված կինոցանցը: «Կինոաշնան» մարզային մեկնարկը հենց սկզբից տվեց իր պտուղները. Սյունիքի մարզպետը խոստացավ մարզում կառուցել նոր կինոթատրոն:
Հենց առաջին տարին արդեն քննություն բռնած այս կինոնախագիծը, երկրորդ անգամ եւս լայն արձագանք ստացավ հանրության շրջանում։ Միայն սոցիալական կայքերում շուրջ 60 հազար օգտագործող ծանոթացել եւ հետաքրքրվել է ֆիլմերի ցուցադրությամբ եւ ծրագրերով։ Նախագծի մասին ինչպես ՀՀ մշակույթի նախարարությունում, այնպես էլ սոց. ցանցերում բազմաթիվ դրական մեկնաբանություններ եւ արձագանքներ են գրանցվել ու ստացվել` հայաստանյան եւ սփյուռքի կինոսիրողների կողմից։
Հատկապես բուհական ուսանողության շրջանում, «Կինոաշուն» նախագծի շրջանակներում հայտարարված գրախոսականների մրցույթը մեծ հետաքրքրության արժանացավ։ Նախորդ տարվա համեմատ մրցույթին ներկայացված հայտերի թիվը կրկնակի աճել էր. 14 հեղինակի փոխարեն մրցույթին մասնակցել էին 26 հեղինակ եւ ներկայացրել 31 աշխատանք: Նախագծի պատասխանատուների նախաձեռնությամբ, մրցույթի ներկայացված բոլոր գրախոսականները տպագրվեցին «Անկախ» շաբաթաթերթում եւ տեղադրվեցին apress.am էլ. կայքում: Ժյուրիի ընտրությամբ հինգ աշխատանքներ արժանացան մրցանակների եւ ստացան դրամական պարգեւներ։ Մյուս մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։ «Կինոաշուն» նախագծի գլխավոր հովանավորը Ռուսաստանի հայերի միությունն էր:
2011թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների ջանքերով սկսվել է նաեւ մեկ այլ կարեւոր նախագծի` Ազգային կինոյի մրցանակաբաշխության աշխատանքները: Նախապես հայտարարված մրցույթի արդյունքում, արդեն ընտրվել է մրցանակաբաշխության մրցանակը եւ գալիք հունվարին այն կներկայացվի լայն հանրությանը: Ձեւավորվել է նաեւ մրցանակաբաշխության ժյուրիի կազմը, որը գլխավորելու է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը: Ավարտվել է նաեւ ֆիլմերի հայտերի ընդունման ժամկետը եւ ժյուրին կսկսի իր աշխատանքը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 15-20-ը ընկած հատվածում:
Փառատոների մասնակցություն
1. Կաննի միջազգային կինոփառատոն և կինոշուկա
2. Մոսկվայի միջազգային կինոփառատոն և կինոշուկա
3. ԱՊՀ և Բալթյան երկրների կինոֆորում
4. «Կինոշոկ», Անապա
5. Փարիզի միջազգային կինոփառատոն
6. Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոն և կինոշուկա
7. Վենետիկի միջազգային կինոփառատոն
8. «Լիստապադ - 2011», Մինսկ
9. Հայկական կինոյի օրեր Անգլիայում, Լոնդոն, հուլիսի 10 - 17
10. Հայկական կինոյի օրեր Բելգիայում, Բրյուսել
11. Հայկական կինոյի օրեր Ֆրանսիայում, Մարսել
12. Բուսանի միջազգային կինոփառատոն
13. Բեռլինի միջազգային կինոփառատոն (ներկայացվել են կինոծրագրեր)
14. Կանադա, Տորոնտո, «Պոմգրանատ» («Նուռ») կինոփառատոն:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված մի շարք ֆիլմեր մասնակցել են 2011թ. տասնյակ միջազգային կինոփառատոների եւ վերադարձել բազմաթիվ մրցանակներով:
Կինոշուկա
2011թ.-ին մայիսին Հայաստանի ազգային կինոկենտրոնը երրորդ անգամ մասնակցել է Կաննի կինոշուկային եւ վերադարձել շոշափելի արդյունքներով: Առաջին անգամ հայկական կինոպատմության մեջ Կաննում ստորագրվեց դիստրիբուցիոն պայմանագիր, որով «Ինսոմնիա» ընկերությունը պետք է իրականացնի Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի դիստրիբուցիոն աշխատանքները` 5 տարի ժամկետով: Այս տարի առաջին անգամ ֆրանսիական Կաննում հայկական պատվիրակությունը մի քանի համատեղ համագործակցության պայմանագրեր նախաստորագրեց, այդ թվում` չեխական, ուկրաինական եւ բելոռուսական կինոընկերությունների հետ: Կինոշուկաների մասնակցության շնորիվ կինոկենտրոնը կարողացել է մի շարք ֆիլմերի եւ ֆիլմ - ծրագրերի համար գտնել միջազգային համաֆինանսավորող կինոընկերություններ: Բացի այս, Ազգային կինոկենտրոնը 2011թ. մասնակցել է նաեւ Մոսկվայի եւ Բեռլինի կինոշուկաներին:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը