Դեկտեմբերի 21 2011

Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2011 թվականն ամփոփեց «Կինոաշխարհ» կինոյի մասնագիտացված նոր ամսաթերթի հրատարակմամբ:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքերով, կինոսիրող հանրությունը վաղուց արդեն սպասում էր նման պարբերականի տպագրությանը:

 

Ըստ նրա, վերջին 20 տարիներին հայտնի փոխակերպումների հետևանքով հայ հասարակությունը զրկվեց արդի հայ կինոարտադրության մասին լիարժեք պատկերացում ունենալու հնարավորությունից: Համատարած փակվեցին կինոթատրոնները և կինոաշխարհի մասին լիարժեք տեղեկություններ մատուցող պարբերականները: Հիմա հատուկենտ են այն մարդիկ, ովքեր տեղյակ են, թե ինչ է կատարվում կինոյի ոլորտում, ինչ ձեռքբերումներ ու հիմնախնդիրներ կան, և ինչ քաղաքականություն է վարում մեր պետությունը այդ ոլորտում առաջընթաց ունենալու համար:

 

Ներկայումս Հանրապետությունում տպագրվող փոքրաքանակ պարբերականներն ու թերթերը լիարժեք չեն կատարում կինոոլորտի լուսաբանման գործառույթը: Շուկայում կինոյի ոլորտը լուսաբանող լրատվամիջոցի բացն ակնհայտ է, որը լրացնելու դեպքում ոչ միայն կընդլայնվի ԶԼՄ-ների մատուցած տեղեկատվության շրջանակը, այլև կապահովվի կինոարտադրություն - հանդիսատես հետադարձ կապը, ինչն էլ իր հերթին զորավոր խթան կդառնա թե՛ կինոարտադրության, թե՛ կինոյի տեսական մտքի զարգացման համար:

 

Թերթն իր առջեւ խնդիր է դրել հանրությանը համապարփակ տեղեկատվություն մատուցել թե՛ հայկական, թե՛ արտերկրի կինոյի անցյալի ու ներկայում տեղի ունեցող գործընթացների մասին, լիարժեք պատկերացում տալ արդի կինոյի հիմնախնդիրների, ավանդույթների, ձեռքբերումների, առկա խոչընդոտների և համաշխարհային կինոյում հայկական կինոյի տեղի ու դերի հեռանկարների մասին:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը