Սեպտեմբերի 26 2012
«Կինոաշուն - 2012» ազգային կինոյի ամիս ծրագիրը այս տարի կրկին կանցկացվի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ազգային կինոտոնն այս անգամ նվիրվում է կինոյի հայ աշխարհակալի՝ Համո Բեկնազարյանի 120-ամյակին: Ավանդական «Կինոաշունը» կմեկնարկի Արմավիրի մարզից սեպտեմբերի 28-ին՝ կինոյի մեծ վարպետի ստեղծած առաջին հայկական հնչունային «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ:
Ի պատիվ մեծն Բեկնազարյանի, «Նաիրի» կինոթատրոնում «Անհայտ Բեկնազարովը» խորագրի ներքո կցուցադրվեն վարպետի հայտնի եւ անհայտ բոլոր ֆիլմերը: Իսկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով՝ «Բեկնազարովը եւ ժամանակը» խորագրով, որի ընթացքում բացի մասնագետներից զեկուցումներով հանդես կգան նաեւ ուսանողները:
Ավանդական դարձած ազգային կինոտոնի կամ ազգային կինոյի ամսվա շրջանակներում հանրապետության բոլոր մարզերում, մայրաքաղաքի համայնքներում, արվեստի բուհերում, սահմանամերձ բնակավայրերում եւ զորամասերում կցուցադրվեն հին ու նոր խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ մանկական ֆիլմեր:
Բացի այդ, մայրաքաղաքում եւ մարզերում տեղի կունենան հանրահայտ կինոռեժիսորների եւ կինոգործիչների հոբելյանական երեկոներ, կկայանա Դմիտրի Կեսայանցին նվիրված գրքի շնորհանդեսը:
Ամենամյա այս կինոնախագիծը նպատակ ունի վերականգնել կինոյի տարածման բոլոր այն խողովակներն ու միջոցները, որոնք անհետացան անցյալ դարի 90-ականներին, եւ հաստատել Հայաստանում արտադրված ֆիլմերի ցուցադրման բարի ավանդույթն ու մարզային կինոցանցը:
Նախորդ տարվանից սկսած ազգային կինոտոնը մեկնարկում է մարզերից եւ եզրափակվում Երեւանում՝ ուսանողության շրջանում հայտարարված ամենամյա գրախոսականների մրցույթի ամփոփմամբ: Մարզային կինոցուցադրումները կանցկացվեն միաժամանակ մի քանի մարզերում՝ տարբեր աշխատանքային խմբերի միջոցով: Ծրագրի կազմակերպիչները, այս եղանակով, փորձում են մարզերում աշխուժացնել մշակութային կյանքը՝ մասնակից դարձնելով բնակչությանը մայրաքաղաքային միջոցառումներին: Այս տարի կինոյի երկու մեծերի՝ Յուրի Երզնկյանի եւ Ֆրունզե Դովլաթյանի հոբելյանները կնշվեն մարզերում:
Ազգային կինոյի ամսվա շրջանակներում հանրությանը կներկայացվեն մի քանի պրեմիերաներ, որոնց ստեղծագործական խմբերը հենց իրենք էլ կներկայացնեն ֆիլմերը: Բացի նոր կինոնկարներից, այս տարի եւս կցուցադրվեն հանրության համար հարազատ դարձած հին ու սիրված ֆիլմեր: Ե՛վ մարզային, ե՛ւ համայնքային ցուցադրությունների ընթացքում տեղի կունենան հանդիպումներ ֆիլմերի ստեղծագործական խմբերի հետ:
Այս տարի բացօթյա ցուցադրություն կկազմակերպվի միայն Կարապի լճի վրա տեղակայված քաղաքային էկրանին: Ցուցադրման համար ընտրվել են հայկական լավագույն երաժշտական ֆիլմերը: «Նաիրի» կինոթատրոնում տեղի կունենան թեմատիկ եւ հետահայաց ցուցադրություններ, Դմիտրի Կեսայանցին նվիրված գրքի շնորհանդեսը, Լաերտ Վաղարշյանի եւ Սերգեյ Իսրայելյանի 90 եւ 75 - ամյակներին նվիրված հոբելյանական երեկոները:
Նարեկացի արվեստի միությունում կկայանան վավերագրական կարճամետրաժ հին ու նոր ֆիլմերի, ինչպես նաեւ մի քանի խաղարկային նոր ֆիլմերի ցուցադրություններ: Ազգային կինոտոնը կեզրափակվի հոկտեմբերի 30-ին «Մոսկվա» կինոթատրոնում՝ գրախոսականների մրցույթի ամփոփումով:
Նախորդ տարվա օրինակով, այս տարի եւս կհայտարարվի ժամանակակից ֆիլմերի գրախոսականների մրցույթ, որին կարող են մասնակցել ե՛ւ ուսանողները, ե՛ւ այն անձինք, որոնք հետաքրքրված են կինոյով: Նախորդ տարվա օրինակով, այս տարի եւս մրցույթին ներկայացված բոլոր գրախոսականները կազմակերպիչները կտպագրեն ինչպես «Անկախ» շաբաթաթերթում, այնպես էլ «Կինոաշխարհ» ամսաթերթում: Գրախոսականները ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն՝ տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներով կամ ուղարկել հետեւյալ էլ. փոստով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, հեռ. 50 02 31: Գրախոսականները ներկայացնել մինչեւ հոկտեմբերի 26-ը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը