Հոկտեմբերի 10 2012
Գուժ Թադեւոսյանի նկարահանած «Մարգար պապը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը, սեպտեմբերի 24-30 մասնակցել է Յալթայում կայացած 13-րդ «Միասին» միջազգային հեռուստակինոֆորումին, որտեղ «Սկիզբ» մրցութային բաժնում հաղթել է` արժանանալով մրցանակի և դիպլոմի: 2011թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանած երիտասարդ ռեժիսորի «Մարգար պապը» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը արդեն հետաքրքիր ու խոստումնալի կենսագրություն է կերտել: Կինոնկարը մասնակցել է բազմաթիվ միջազգային կինոփառատոների եւ արժանացել մրցանակների:
Ֆիլմի նյութը պարզ մարդկային պատմության շուրջ է զարգանում. հաճախ երկրների միջև գոյացող սահմանային և քաղաքական անհամաձայնությունները կամա թե ակամա անդրադառնում են ազնիվ ու աշխատասեր մարդու ապրելակերպի և աշխարհայացքի վրա: Այս է Մարգար պապի հոգսը, երբ մի առավոտ արթնանալով պարզում է, որ տասնամյակներով իր տանն ու հողին մաս կազմող արտաքնոցը անհասկանալիորեն հայտնվել է ուրիշ պետության սահմանում: Սահմանապահների և գյուղապետի սահմանը չխախտելու անհեթեթ բացատրությունները` աշխարհին շիտակ հոգով վերաբերվող Մարգար պապի համար չեն, և նա ստիպված է լինում հողագործի բահը մի կողմ դնել, խրամատ փորել և զենքով պաշտպանել իր ունեցվածքն ու պատիվը: Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Գուժ Թադևոսյանը, իսկ սցենարի հեղինակը` Արթուր Մկրտչյանը:
Ավելի վաղ, Գ. Թադեւոսյանի «Մարգար պապը» մասնակցել է մի շարք այլ կարեւոր միջազգային կինոփառատոների, այդ թվում` օգոստոսի 29-31 ընդգրկվել է Տաշկենտում կայացած 2-րդ «Օնա յոր» միջազգային կինոփառատռոնի ինֆորմացիոն ֆիլմերի ծրագրում և արժանացել է դիպլոմի: Սեպտեմբերի 13-17 մասնակցել է «Սևաստոպոլի» միջազգային կինոփառատոնի դեբյուտային մրցութային ֆիլմերի «Կինոբացում» ծրագրում:
«Մարգար պապը» ֆիլմը արդեն իսկ ընդգրկվել է «Նուռ» միջազգային կինոփառատոնի մրցութային բաժնում, որը կայանալու է Կանադայում սույն թվականի հոկտեմբերի 18-21-ը: Ֆիլմը ընդգրկված է նաև հոկտեմբերի 24-28-ը Երևանում կայանալիք 7-րդ «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի մրցութային բաժնում:
Պարսիկ ռեժիսոր Հասան Բաստանին Պարսկաստանում բեմադրման աշխատանքներ է իրականացնում «Մարգար պապը» ֆիլմի մոտիվներով և շուտով կկայանա բեմադրության և «Մարգար պապը» ֆիլմի պրեմիերան Թեհրանում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը