Մայիսի 05 2016
«Մոսկվա» կինոթատրոնում մայիսի 4-ին տեղի ունեցավ կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» Հայաստան, Հոլանդիա, Գերմանիա համատեղ արտադրության լիամետրաժ ֆիլմի երևանյան պրեմիերան: «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմը նկարահանվել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է այս տարվա փետրվարի 12-ին, Բեռլինի 66-րդ միջազգային կինոփառատոնի՝ Եվրոպական կինոշուկայի շրջանակում: Բեռլինի կինոշուկայի ցուցադրությունից անմիջապես հետո ձեռք է բերվել պայմանավորվածություն ցուցադրելու Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի կինոթատրոններում ու հեռուստատեսությամբ: Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» կինոնկարը բեռլինյան ցուցադրումից հետո ներառվել է Հոլանդիայի կինոթանգարանի հավաքածուում:
«Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմը պատմություն է տղամարդու և կնոջ մասին, ովքեր ապրում են դժվարին և հակասական պայմաններում` նախկին դարի 90-ականներին: Ֆիլմում առկա են նաև հերոսների 60-ականների, 70-ականների, 80-ականների հուշերը:
Կինոնկարի սցենարի հեղինակներն են Յանա Դրուզն ու Դավիթ Սաֆարյանը, բեմադրող օպերատորը` Արմեն Խաչատրյանը, բեմադրող նկարիչներն են Միքայել Անտոնյանն ու Վարդան Սեդրակյանը: Դերերում հանդես են եկել` Յանա Դրուզը, Աշոտ Ադամյանը, Հեղինե Հովհաննիսյանը, Կարեն Ջանիբեկյանը, Վիգեն Ստեփանյանը, Հարություն Մովսիսյանը, Հրաչյա Հարությունյանը:
Մայիսի 4-ից ֆիլմը կցուցադրվի երևանյան՝ «Մոսկվա», «Հայաստան», «Սինեմա Սթար», «Կինո Պարկ», «Նաիրի» կինոթատրոններում։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը