Մայիսի 01 2016
Կինովավերագրող, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը իր «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի նկարահանումները սկսել է դեռևս 25 տարի առաջ։ Անվանի վավերագրողը, այս ամբողջ ընթացքում հետևել է իր հերոսների կյանքին․ «Ֆիլմը նկարվել է շատ երկար, դժվար ու ծանր։ Այս տարիների ընթացքում փոփոխվել են իմ հերոսները՝ նրանց մտածողությունը, զգացողություններն ու կյանքը։ Փոխվել ենք նաև մենք, և ես` իհարկե»:
Այս մասին, ապրիլի 29-ին «Փակուղի» ֆիլմի երևանյան պրեմիերայից առաջ, լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Հարություն Խաչատրյանը: «Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարի երկրորդ ֆիլմն է, որը պատմում է Հայաստանից հեռացած հայերի մասին:
Կինոնկարի հերոսը ավտոմեխանիկ Լևոնն է, որը 1990-ականներին «Գրին քարտ» է շահել և ընտանիքով մեկնել ԱՄՆ: Հեղինակը փորձել է ֆիլմի միջոցով ներկայացնել վտարանդի հերոսի ամերիկյան կյանքը, կորուստները, ձեռքբերումներն ու ընտանիքի անդամների հետ ունեցած խճճված ու բարդ հարաբերությունները։
Հարություն Խաչատրյանի «Փակուղին» նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։
Հիշեցնենք, որ «Փակուղի» ֆիլմի ասիական պրեմիերան կայացել էր ապրիլի 24-ին՝ Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 19-ին՝ համաշխարհային պրեմիերան էր՝ Շվեյցարիայի Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը