Մարտի 22 2016
Հայաստանը 2016թ. հունվարից անդամակցում է Եվրիմաժին: Այսպիսով եվրոպական այս կառույցի անդամների թիվը դարձավ 37: Եվրիմաժում մեր երկրի ազգային ներկայացուցիչներն են կինոքննադատ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ու «ՌեԱնիմանիա» փառատոնի հիմնադիր-տնօրեն, նկարիչ, մուլտիպլիկատոր Վրեժ Քասունին: Նրանց թեկնածությունը Եվրիմաժին ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Սուսաննա Հարությունյանն ու Վրեժ Քասունին՝ որպես Եվրիմաժի անդամակցող երկրի ներկայացուցիչ, այս ամիս՝ մարտին, առաջին անգամ ներկա են գտնվել Եվրիմաժի Board Meeting-ի հերթական նիստին:
Սուսաննա Հարությունյանի խոսքով, մեր ներկայությունը եվրոպական նոր միջավայրում նոր հեռանկարներ է բացում հայկական կինոյի համար. «շատ մեծ առաջընթաց է ակնկալվում. Եվրիմաժը նոր դուռ է բացելու հայ կինոյի առաջ: Այն եվրոպական կինոյի համարտադրության հիմնադրամ է, նրա միջոցները գոյանում են անդամակցող երկրների ամենամյա անդամավճարներից, որոնք հատկացվում են պետբյուջեից: Եվրիմաժի հիմնական քաղաքականությունը եվրոպական կինոյի տեսակը և ինքնությունը պահպանելն ու զարգացնելն է, Հոլիվուդին դիմագրավելն ու մրցունակ լինելը:
Այս կառույցը ժամանակի ընթացքում մեխանիզմներ է ստեղծել, որպեսզի հիմնվեն համատեղ ֆիլմարտադրություններ»: Անդրադառնալով հայաստանյան կինոարտադրությանը, նա փաստեց, որ մեզ նման փոքր երկրների համար, կինոն զարգացնելու ելքը համատեղ կինոարտադրությունն է:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը