Հոկտեմբերի 14 2014
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ 2015 թվականին պատրաստ կլինեն համատեղ արտադրությամբ նկարահանվող 7-8 ֆիլմ: Ներկայումս, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ՝ Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանվում են հետևյալ գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն ֆիլմերը:
«Փրկության քարտեզ»
Արտադրող կազմակերպությունն է «ՄԱՆ ՓԻՔՉԵՐՍ» ՍՏՈՒԴԻՈՆ»: Գլխավոր պրոդյուսերն է Մանվել Սարիբեկյանը, սցենարի հեղինակը՝ Աննա Սարգսյանը: Բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազյանը: Ֆիլմը մահվան ու կյանքի, ոչնչացման ու փրկության, բռնության ու մարդասիրության պայքարի, կյանքի ու հաղթանակի մասին է: Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ միսիոներ կանայք են: Այդ կանանց հայտնվելն Արևելյան Անատոլիայի պատմական Հայաստան փրկության շրջադարձ է եղել հայության մի ստվար հատվածի համար: Ֆիլմը վարելու է ազգությամբ ֆին պատմաբան Սվանտե Լունդգրենը: Ֆիլմի խորհրդատուներն են յոթ երկրի պատմաբաններ:
«Բանտարկված հոգիներ»
Արտադրող կազմակերպությունն է «Բարս մեդիա ստուդիան»: Սցենարի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը Վարդան Հովհաննիսյանն է: Տարեց մարդը. դատարկ սենյակում նստած, խոսում է իր մանկության մասին: Ալեհեր մարդու հայացքում կարծես մի փոքրիկ տղա է արթնանում: Ծերունին վերափոխվում է մի տղայի, որը վազում է Օսմանյան Թուրքիայում գտնվող իր հայրենի գյուղի արահետներով: Ալեհեր ծերունին և փոքրիկ տղան պատմում են 1915 թվականի այն խավար օրերի պատմությունը… ընտանիքի, սիրո, հավատարմության ատելության, սպանության, կորստի և ներելու կարողության մասին:
«Մշո ճառընտիր»
Արտադրող կազմակերպությունն է «Արտ ստեպ ստուդիա»-ն: Սցենարի հեղինակը և ռեժիսորն է Սերժ Ավետիքյանը: Թողարկումից հետո 15 րոպեանոց ֆիլմն ընդգրկվելու է ռուսական «Comer Work» ստուդիայի «WW1» ֆիլմ - ալմանախի ծրագրում, որն առնչվում է 1914-18թթ. իրադարձություններին: Այս իրական և անհավատալի պատմությունն արդեն լեգենդ է դարձել, իսկ Ճառընտիրը փրկող կանայք՝ հերոսներ:
«Ցեղասպանության հավերժական վիշտը»
Սցենարի հեղինակը և ռեժիսորը Մարտին Մահդալն է: Այն հովանավորում է Չեխիայի հեռուստատեսությունը: Ֆիլմը ներկայացնելու է հայ ժողովրդի պատմության դաժան էջերի վերաբերյալ չեխ ճանապարհորդ Կարել Հանսայի աշխատությունները, որում արտացոլվում են լուսանկարներ և գրառումներ:
«Դաշտը»
Սցենարի հեղինակները և բեմադրող ռեժիսորներն են Արսեն Ազատյանը և Նարինե Մկրտչյանը: Արտադրող կազմակերպություններն են «Այսօր պլյուս»-ը և «Կոստալեյշն ֆակտորի»-ն (Ֆրանսիա): Գերմանացի ռազմական բժիշկը, լուսանկարելով Թուրքիայի արևելյան մասում կառուցվող երկաթգծի շինարարությունը, ականատես է լինում հայ բնակչության բռնի տեղահանումներին, կոտորածներին: Նա թաքուն լուսանկարում է հայերին: Բժշկին, ցավոք, հաջողվում է փրկել քիչ թվով մարդկանց: Դերասանների ընտրությունը կատարվել է Գերմանիայում և Հայաստանում:
«Մեր ատլանտիդան»
Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորն Արթուր Սուքիասյանն է: Ֆիլմը պատմելու է անցյալ դարի 60-ականներին հայ որբերի կողմից Ստամբուլում կառուցված «Արմեն» ճամբարի մասին: Ճամբարի պատմությունը, Հրանտ Դինքի սպանությունն ու Հայոց ցեղասպանության դեպքերն ու իրադարձությունները փոխկապակցվում են միմյանց:
«Իմ քաղաքի առասպելը»
Սցենարի համահեղինակը և բեմադրող ռեժիսորը Վիգեն Չալդրանյանն է: Պրոֆեսոր Էդգար Նովենցը Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման ընթացքում հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վերհանել մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը, գեղարվեստական նրբին ու զուսպ միջոցներով լույս սփռել նրա մեծ լռության վրա: Տեսիլքների միջոցով նա անցնում է նաև Մեծ Եղեռնի պատկերների ճանապարհով:
«Մի խելագարի պատմություն»
Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ռոբեր Գետիկյանն է: Երիտասարդ մարսելցի Արամը Փարիզում պայթեցնում է Թուրքիայի դեսպանի ավտոմեքենան, որի հետևանքով ծանր վիրավորվում է ավտոմեքենայի կողքով անցնող երիտասարդ հեծանվորդը: Արամը փախչում է Բեյրութ և միանում 80-ականներին գործող Արևմտյան Հայաստանի ազատագրման շարժմանը, իսկ նրա մայրը ներողություն է խնդրում հեծանվորդ Ժիլից՝ ամբողջ հայ ազգի անունից:
«Երկար վերադարձ»
Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Շավարշ Վարդանյանն է: Ամուսնուն և երեխաներին կորցրած Սոնան այլընտրանք չունի, բացի զենք վերցնելուց և կռվելուց: Ֆիլմում զուգահեռներ է անցկացվում Սոնայի պապի՝ 1915 թվականին գերդաստան կորցրած և ազատության համար կռիվ մղած Վարդանի հետ: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա:
«Քարվաճառ»
Ֆիլմի պրոդյուսերը Թաղի Ալիղոլիզադեհն է: 20-րդ դարի մեծագույն ցեղասպանությունն ապրած ավելի քան 70 տարի ադրբեջանական ազգայնական քարոզչամեքենայի տակ գոյատևող և ապա իր իսկ կամքով ազատություն և անկախություն կերտած արցախցին անհողդող է, և այսօր ապրում ու արարում է: Արցախի իրական կյանքն է, ազատատենչ արցախցու ինքնուրույն կյանք վարելու իրավացի պահանջը:
«Ուելս - Հայաստան»
Արտադրող կազմակերպությունն է «ՌԿ ինտերթենմենթը» (ԱՄՆ): Սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Ռուբեն Քոչարն է: Ֆիլմը պատմում է այն մարդկանց մասին, որոնց շնորհիվ Ուելսում իրականացավ Հայոց ցեղասպանության ճանաչումը: Առանցքային է դառնալու Ուելսի Սուրբ Դավիթ եկեղեցու հայր Պատրիկ Թոմասի և Միացյալ Թագավորության հոգևոր հայր Վահան Հովհաննիսյանի կապը, որոնց շնորհիվ էլ նահանգում ընդունվել է ցեղասպանության ճանաչման փաստը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը