Հոկտեմբերի 07 2014
Հոկտեմբերի 7-ին «Կինոաշուն - 2014»-ը փարաջանովյան տարին բերեց Վանաձոր, որտեղից էլ այն ուղեւորվեց Հայաստանի մյուս մարզերն ու հեռավոր բնակավայրերը: 5-րդ «Կինոաշունը» հնարավորություն է ընձեռելու բոլոր նրանց, ովքեր սիրում ու երկրպագում են Փարաջանովին՝ մեկ ամիս շարունակ, ի թիվս այլ ֆիլմերի, դիտելու հանճարեղ մարդու եւ ստեղծագործողի կինոնկարները, լսելու այն մարդկանց, ովքեր աշխատել ու բարեկամություն են արել Փարաջանովի հետ:
Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մեկնարկած ավանդական կինոտոնն սկսվեց Սերգեյ Փարաջանովի մասին դիդակտիկ նյութերի՝ լուսանկարների ցուցադրությամբ: Դրանցից յուրաքանչյուրը պատմում էր 20-րդ դարի բացառիկ հանճարի ապրած կյանքի պատառիկների, ակնթարթների մասին՝ վաղ մանկությունից մինչև բանտային տարիներն ու մահը: Ցուցադրանյութի հեղինակն է Ս. Փարաջանովի թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը: Դահլիճում հավաքվածների հետ իր հիշողություններով կիսվեց Փարաջանովի մտերիմ բարեկամը՝ նկարիչ Ստեփան Անդրանիկյանը: Նա հուզմունքով ու ակնածանքով խոսեց այն օրերից, երբ իրենք միասին նկարում էին «Նռան գույնը» ֆիլմը:
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագրի կարեւոր առաքելության մասին խոսեց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը՝ մատնանշելով, որ այն ուղիղ ներազդում է սերունդների դաստիարակությանը եւ հայկական կինոյի տարածման գործին: Ներկաները դիտեցին նաեւ ռեժիսորներ՝ Սերժ Ավեդիքյանի և Ալյոնա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը