Սեպտեմբերի 30 2014

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն արդեն հինգերորդ անգամ կինոսիրողներին կներկայացնի հայկական հին ու նոր կինոյի լավագույն նմուշները։ 5-րդ «Կինոաշունը» կմեկնարկի Լոռու մարզից՝ Վանաձորից։ Երբեմնի արդյունաբերական հզոր այս քաղաքի բնակիչների կյանքում կինոն հատուկ նշանակություն ու տեղ ունի։ «Կինոաշունը» ինչպես և 2014 թվականին տեղի ունեցած բոլոր կինոմիջոցառումները նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին։ Ազգային կինոտոնը կմեկնարկի Փարաջանովին նվիրված ու Վանաձորի արդյունաբերական կյանքի մասին պատմող վավերագրական կինոնկարների ցուցադրությամբ։ Այս մասին սեպտեմբերի 30-ին մամլո ասուլիսում խոսել են ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը։

 

Արթուր Պողոսյանի խոսքերով, աշնանային կինոտոնը՝ «Կինոաշունը» երկրում իրականացվող կինոծրագրերից ամենամասշտաբայինն է միջոցառումների քանակով ու աշխարհագրությամբ։ Նա նշեց, որ մշակույթի նախարարությունը աստիճանաբար փորձում է մեղմել մարզային կինոցուցադրումների բացը, որն ստեղծվել էր դեռևս անցյալ 90-ականներին։

 

«Երբ հինգ տարի առաջ սկսեցինք ծրագիրը կային բազում խնդիրներ՝ կազմակերպչականից մինչև տեխնիկական, սակայն, այսօր այդ ամենը այլևս անցյալում է։ Հիմա ամեն տեղ մեզ գրկաբաց են ընդունում։ Ես ուրախ եմ, որ կինոն ավելի սիրելի է դարձել մեր հասարակության համար», - իր խոսքում նշեց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ․ Գևորգյանը։

 

Ուղիղ մեկ ամիս (հոկտեմբերի 7 - նոյեմբերի 7-ը) Երեւանի համայնքներում, բուհերում, մարզերում, զորամասերում, զբոսայգիներում ազգային կինոն կներկայանա հանրությանը բազմազան կինոծրագրերով։ «Կինոաշուն - 2014»-ի ծրագրում այս տարի առաջին անգամ ներառվել են սահմանապահ երկու գյուղեր՝ Երասխը և Այգեպարը։ Այս առաջարկը համաձայնեցվել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը