Սեպտեմբերի 29 2014
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագիրն արդեն հինգերորդ անգամ կինոսիրողներին կներկայացնի հայկական հին ու նոր կինոյի լավագույն նմուշները։ 5-րդ «Կինոաշունը» կմեկնարկի Լոռու մարզից՝ Վանաձորից։ Երբեմնի արդյունաբերական հզոր այս քաղաքի բնակիչների կյանքում կինոն հատուկ նշանակություն ու տեղ ունի։ «Կինոաշունը» ինչպես և 2014 թվականին տեղի ունեցած բոլոր կինոմիջոցառումները նվիրվում է Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին։ «Կինոաշունը» իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Ազգային կինոտոնը կմեկնարկի Փարաջանովին նվիրված ֆիլմով ու Վանաձորի արդյունաբերական կյանքի մասին պատմող վավերագրական կինոնկարի ցուցադրությամբ։ «Կինոաշունը» նախորդ տարիների օրինակով միաժամանակ կմեկնարկի մարզերում եւ Երեւանի համայնքներում բազմազան ու գունեղ կինոծրագրերով։ Բուհերի համար հատուկ ընտրվել են վերջին 2 տարիներին նկարահանված ֆիլմերը, որոնց համար կհայտարարվի «Լավագույն գրախոսական» ավանդական մրցույթը։
Արդեն երկրորդ անգամ «Կինոաշուն» ծրագրի շրջանակներում կհայտարարվի «Հին և նոր երևանցի» թեմայով 7-10 րոպե տևողությամբ ֆիլմերի մրցույթ։ Այս մրցույթն անցկացվում է Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ։ 2014 թվականի «Կինոաշուն» ծրագրում այս տարի հատուկ ծրագիր կներկայացվի հայկական բանակի ու արցախյան ազատամարտի թեմայով, որոնք ոչ միայն կներառվեն հիմնական ցուցադրություններում, այլեւ կներկայացվեն սահմանապահ գյուղերում ու երկրի համար հատուկ նշանակության այլ բնակավայրերում։
Այս անգամ եւս ավանդույթի համաձայն կնշվեն մեր անվանի կինոգործիչների հոբելյանները՝ Առնոլդ Աղաբաբովի (85), Բագրատ Հովհաննիսյանի (85), Գենադի Մելքոնյանի (70), Արման Մանարյանի (85)։ Կկայանա նրանց ստեղծագործությունների հետահայաց ցուցադրություններ։ Բացի այդ, բուհերի ուսանողների մասնակցությամբ կանցկացվի «կլոր սեղան» «Մեր մեծերը» խորագրով։
«Կինոաշունը» կեզրափակվի նոյեմբերի 7-ին՝ գրախոսականների եւ ֆիլմերի մրցույթների ամփոփումով՝ Արտաշատ քաղաքում։ «Կինոաշուն - 2014»-ի բոլոր նորություններ ու նյութերը շարունակաբար կտեղադրվեն ու կթարմացվեն ԿԻՆՈԱՇՆԱՆ ֆեյսբուքյան էջի միջոցով: «Կինոաշուն - 2014»-ի գլխավոր հովանավորն է ԻՆԵԿՈ բանկը:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը