Ապրիլի 29 2014

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (1967) ֆիլմի վերականգնումը, որ Համաշխարհային կինոյի հիմնադրամի նախաձեռնությունն է, արդեն ավարտված է և ցուցադրվելու է 2014թ. Կաննի միջազգային կինոփառատոնում՝ «Կաննի դասականները» արտամրցութային ծրագրում։ Այս մասին հայտնել է ֆիլմի վերականգնման գործընթացի պատասխանատու, մենեջեր Սեսիլիա Սենսիարելին, ով եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ այս օրերին գտնվում է Երեւանում:

 

Սենսիարելին վերականգնման գործընթացն սկսվելու առաջին իսկ օրվանից հետևում է այդ աշխատանքներին, բացառությամբ տեխնիկական հատվածի։ Եվ հիմա Հայաստան էր ժամանել` հանդիպելու այն մարդկանց, որոնք մոտիկից գիտեին Փարաջանովին, աշխատել են նրա հետ և մասնակցել «Նռան գույնի» նկարահանումներին։

 

Երևանում գտնվելու երեք օրերի ընթացքում Սենսիարելին հանդիպել է մշակութաբան, ազգագրագետ Լևոն Աբրահամյանի, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի, բալետմայստեր Վիլեն Գալստյանի, նկարիչ - ձևավորող Ստեփան Անդրանիկյանի, Ս․ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ, որոնք Փարաջանովի ու «Նռան գույնի» նկարահանումների հետ կապված բազմաթիվ հուշեր ու մանրամասներ են պատմել նրան։

 

- Դա վերականգնման աշխատանքների կարևոր մասն է, քանի որ հետագայում նաև գիրք է պատրաստվելու, ինչպես մյուս նախագծերի դեպքում է եղել։ Իհարկե, տպագրությունն ավելի ուշ կլինի, - ասել է նա, եւ հավելել, - ես չափազանց ուրախ եմ բոլոր հանդիպումների համար։ Ֆիլմի վերականգնում նշանակում է նաև ֆիլմին երկրորդ շունչ տալ, վերադարձնել մեծ էկրան, և այդ աշխատանքը լավ կատարելու համար անհրաժեշտ է հետ գնալ դեպի ակունքները: Ակունքներին կարելի է վերադառնալ ոչ միայն հարցազրույցներ, հոդվածներ կարդալով, այլև անմիջական շփումներով և ամեն ինչ մեկտեղելով:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը