Հոկտեմբերի 03 2013

Ամենամյա «ԿԻՆՈԱՇՈՒՆ» ազգային կինոյի ամիս ծրագիրն այս տարի կմեկնարկի Գյումրիից` հոկտեմբերի 5-ին, քանի որ քաղաքն այս տարի հայտարարված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: «Կինոաշուն - 2013»-ը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ծրագիրն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Հոկտեմբերյան աշնանային կինոտոնը այս տարի նվիրվում է Հայ կինոյի 90-ամյակին, ինչի կապակցությամբ էլ Երեւանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտում կանցկացվի գիտաժողով, իսկ ընթերցված զեկույցները կտպագրվեն առանձին ժողովածուում:

 

Այս տարի առաջին անգամ ԿԻՆՈԱՇՆԱՆ շրջանակներում, կազմակերպիչները, հայտարարել են կինոմրցույթ` «Երեւանն իմ քաղաքն է» թեմայով: Մրցույթն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ եւ նվիրվում է մեր բոլորի սիրելի մայրաքաղաքի` Երեւանի 2795-րդ տարեդարձին:

 

Նախորդ տարիների օրինակով, այս տարի էլ կազմվել են տարբեր թեմատիկ կինոծրագրեր, առանձին ծրագրեր Երեւանի համայնքների, բուհերի, մարզերի, զինվորական մասերի համար: Եվ, քանի որ տարին հոբելյանական է ե’ւ հայկական կինոյի, եւ նաեւ հայկական անիմացիայի համար (հիմնադրման 90 եւ 75-ամյակներ) պատրաստվել են հետահայաց ցուցադրությունների ծրագրեր: Նախատեսված է անցկացնել Արտավազդ Փելեշյանի, Ներսես Հովհաննիսյանի, Լեւոն Իսահակյանի եւ Արմեն Միրաքյանի հոբելյաններին նվիրված հետահայաց ցուցադրություններ: Բացի այդ, հանրությանը կներկայացվի նաեւ վավերագրական հետաքրքիր նյութեր` Նարեկացի արվեստի միությունում:

 

Երեւանում, բացի համայնքներից, ֆիլմեր են ցուցադրվելու նաեւ «ՆԱԻՐԻ» կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, Հ. Մալյանի անվան թատրոնում եւ բուհերում: Ավանդաբար, ԿԻՆՈԱՇՆԱՆ շրջանակներում, արդեն չորրորդ տարին է կազմակերպվում են բացօթյա ցուցադրումներ «Սիրահարների այգում»: Այս տարի ցուցադրություններն սկսվեցին ավելի վաղ` սեպտեմբերի 12-ից (որպեսզի աշնանային ցրտերը չխանգարեն ցուցադրություններին), եւ ամեն ուրբաթ «Քաղաք, սեր, կինո» խորագրով ֆիլմեր են ներկայացվում այգում:

 

Այս տարի նույնպես հայտարարված է գրախոսականների մրցույթ` հայկական նոր ֆիլմերի համար: Այս մրցույթի համար հատուկ բուհերում ցուցադրվում են վերջին տարիներին Հայաստանում արտադրված ֆիլմերը: Գրախոսականների ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ն է, իսկ կինոմրցույթինը` հոկտեմբերի 20-ը: Բոլոր աշխատանքները պետք է ներկայացվեն Հայաստանի ազգային կինոկենտրոն:

 

Հիշեցնենք, որ ԿԻՆՈԱՇՈՒՆԸ իրականացվում է արդեն չորրորդ անգամ` սկսած 2010թ.: Առաջին տարին ընդգրկվել էր միայն մայրաքաղաքն ու երեք մարզերը: Սակայն, երկրորդ տարվանից արդեն ծրագիրն ընդգրկեց Հայաստանի ամբողջ տարածքը, ավելին ԿԻՆՈԱՇՆԱՆ մեկնարկը այլեւս ամեն տարի սկսվում է մարզերից եւ եզրափակվում Երեւանում` գրախոսականների, իսկ այս անգամ նաեւ կինոմրցույթի արդյունքների ամփոփումով:

 

Նշենք նաեւ, որ «ԿԻՆՈԱՇՈՒՆ - 2013»-ի գլխավոր հովանավորն է INECOBANK-ը: ԻՆԵԿՈՆ հայաստանյան այն բանկային ընկերություններից է, որի համար առաջնային եւ հատուկ նշանակություն ունեն հայրենական մշակույթի զարգացմանն ու աջակցմանը ուղղված ծրագրերը: Մասնավորապես, Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ բանկն արդեն երկրորդ կինոնախագիծն է իրականացնում: Այս տարվա ապրիլին բանկը մասնակցում էր նաեւ «ՀԱՅԱԿ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը