Նոյեմբերի 23 2012

Եվրոպական այս կարեւոր կառույցին Հայաստանի անդամակցության մասին հայտարարվել է Ստրասբուրգում` նոյեմբերի 6-9-ը կայացած Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի 20-ամյակին նվիրված գիտաժողովի և գործադիր խորհրդի նիստի ժամանակ: Հայաստանը ստրասբուրգյան հանդիպանը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ով եւ հանդես է եկել մեր երկրի այդ կառույցին անդամակցելու կարեւորության եւ նպատակների մասին շնորհակալական խոսքով:

 

Ազգային կինոկենտրոնի տնօրենը ասել է, որ 20-ամյա աշխատանքային կենսագրություն եւ հստակ սահմանված առաքելություն ունեցող այս կառույցը կարևորագույն աշխատանք է կատարում կինոյի և տեսալսողական արդյունաբերության այլ ճյուղերում` օգնելով այդ բնագավառի մասնագետներին: Տեսալսողական օբսերվատորիայի էքսպերտների իրականացրած հետազոտությունները արժեքավոր են և կարևոր դեր ունեն միջազգային ասպարեզում: Այս առումով, Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա զանգվածային տեղեկատվության եվրոպական մասնագետներին ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն և անցկացնելու իրավական դաշտի վերլուծություն` Հայաստանի տեսալսողական սեկտորում:

 

Եվրոպական տեսալսողական օբսերվատորիայի ստրասբուրգյան հավաքի ընթացքում, ի թիվս շատ հարցերի, քննարկվել է նաեւ չափազանց կարեւոր եւ խիստ արդիական` «Թվային դարաշրջանում լրատվամիջոցների համակենտրոնացում» թեման: Թեմայի շուրջ ծավալված քննարկման ընթացքում արծարծվել են ԶԼՄ - ների համակենտրոնացման անխուսափելիության, վերլուծվել դրանց հնարավոր լուծումները, քննարկվել նոր թվային հարթակների և դրանց ազդեցության հարցերը, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել թվային գլոբալ շուկայի զարգացմանը:

 

Հիշեցնենք, որ Եվրոպական տեսալսողական օբսերվատորիան հիմնադրվել է 1992 թվականին, այն հանրային ծառայության մի կառույց է, որը բաղկացած է Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված` Եվրամիության անդամ երկրներից և նպատակ ունի տեղեկատվություն հավաքելու և տարածելու Եվրոպայի տեսալսողական արդյունաբերության վերաբերյալ: Օբսերվատորիան գործում է Եվրոպայի խորհրդի իրավական շրջանակներում և աշխատում է մի շարք գործընկեր կազմակերպությունների ու տեսալսողական արդյունաբերության ոլորտի մասնագետների, ինչպես նաև թղթակիցների ցանցի հետ: Գիտաժողովներ կազմակերպելուց զատ օբսերվատորիան հրապարակում է տեղեկատվական զեկույցներ և տեղեկագրերի տարեկան գրքեր:

 

Եվրոպական տեսալսողական օբսերվատորիան գրանցում է տվյալների բազաները և տեղեկություններ է տրամադրում http://www.obs.coe.int ինտերնետային կայքի միջոցով:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը