Դեկտեմբերի 14 2012

Հայկական կինոպատմության մեջ արդեն իրողություն դարձած «Հայակ» ազգային կինոյի երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ. ապրիլի 13-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի, «Orange Արմենիա» ընկերության եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը, որին արդեն միացել է նաեւ Հայկական ազգային կինոակադեմիան, հայ կինեմատոգրաֆիստների աշխատանքների ամենամյա ստեղծագործական բաց մրցույթ է: Այն միտված է խթանելու եւ զարգացնելու ազգային կինոարտադրությանը, նոր անունների բացահայտմանը, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն, ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

 

2013թ. «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2011թ. արտադրված այն ֆիլմերը, որոնք չեն ներկայացվել նախորդ մրցույթին, եւ 2012թ. արտադրված բոլոր ֆիլմերը` առանց ժանրային սահմանափակումների: Հիշեցնենք, որ 2012թ. առաջին մրցանակաբաշխությանը մասնակցել են անկախության ժամանակահատվածում (20 տարվա արտադրանքը) ստեղծված ֆիլմերը` 1991-2011թթ:

 

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշակի փոփոխություններ են կատարել, ինչպես ժամանակացույցում (միջոցառման անցկացման եւ հայտերի ընդունման), այնպես էլ անվանակարգերում: 2013թ. կինոմրցույթը կունենա 15 անվանակարգ` 12-ի փոխարեն. լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, լավագույն սցենարի հեղինակ, լավագույն նկարիչ, լավագույն կոմպոզիտոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն վավերագրական ֆիլմ, լավագույն անիմացիոն ֆիլմ, լավագույն դեբյուտ, կավելանան երկրորդական դերի լավագույն դերասան, երկրորդական դերի լավագույն դերասանուհի, լավագույն արտասահմանյան ֆիլմ (սփյուռքահայ ռեժիսորի կողմից նկարված կամ հայկական թեմայով օտարազգի ռեժիսորի աշխատանք): Լավագույն արտասահմանյան ֆիլմ անվանակարգում կարող են ներկայացվել միայն 2012թ. արտերկրում արտադրված ֆիլմերը: Բացի հիմնական անվանակարգերից, կշնորհվեն նաեւ հատուկ մրցանակներ` հայկական կինոյի զարգացման գործում ունեցած վաստակի համար:

 

Առաջիկայում կայանալիք մրցանակաբաշխության գեղարվեստական խորհրդի նիստում, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Orange Արմենիա» ընկերության եւ Հայկական կինոակադեմիայի ներկայացուցիչները, կընտրեն հանձնաժողովի նախագահին ու անդամներին: Ժյուրիի կազմը բաղկացած կլինի 11-13 անդամից` ներառյալ նախագահը: Յուրաքանչյուր անվանակարգին վերաբերող որոշումը կընդունվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվերակությունը գաղտնի է: Ժյուրիի նախագահը կողմ եւ դեմ հավասար ձայների դեպքում վճռական ձայնի իրավունք ունի: Կանոնակարգի համաձայն` եթե ժյուրիի որեւէ անդամ մասնակցություն է ունեցել մրցույթին ներկայացված ֆիլմերից որեւէ մեկի ստեղծմանը, ապա իրավունք չունի քվեարկելու տվյալ անվանակարգի համար:

 

Մրցույթին մասնակցելու հայտերի ընդունումը կսկսվի 2012թ. դեկտեմբերի 20-ից մինչեւ 2013թ. փետրվարի 15-ը ներառյալ, որից հետո ժյուրին փետրվարի 16-ից մինչեւ մարտի 18-ը կկազմակերպի ներկայցված ֆիլմերի նախնական դիտում եւ կընտրի հավակնորդ ֆիլմերը: Այնուհետեւ, մարտի 19-ից մինչեւ ապրիլի 11-ը մրցութային հանձնաժողովը կկազմակերպի ընտրված ֆիլմերի վերադիտում` «Նաիրի» կինոթատրոնում: Ապրիլի 12-ին մրցութային հանձնաժողովը կհրավիրի նիստ, որի ընթացքում էլ հայտնի կդառնան 2013թ. «Հայակի» հաղթողները, իսկ հաջորդ օրը` ապրիլի 13-ին տեղի կունենա մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոն:

 

Հիշեցնենք, նաեւ, որ մրցանակաբաշխության մրցանակի պատկերը երկու ձեռքերի միացությունը երկար ժամանակ կինոաշխարհում օգտագործվել է որպես միջոց` պատկեր փնտրելու համար: Այն ռուսերենում կոչվում է "Визир", իսկ հայերենում` հայակ, ըստ այդմ էլ, մրցանակը անվանվեց «ՀԱՅԱԿ»: Արձանիկի պատվանդանը մարմարից է, իսկ ձեռքերի միացությունը` բրոնզից, էմալապատ եւ ոսկեջուր: Մրցանակի հեղինակը Իզաբելլա Ներսիսյանն է:

 

«Հայակ - 2013»-ի երեկոյի անցկացման համար նախապես կազմակերպիչները հայտարարել էին տենդեր, որին արձագանքել են մի քանի դիզայներական ընկերություններ, որնցից երկուսի փաթեթները արժանացել են հավանության: Մրցանակաբաշխության հետ կապված ամբողջ տեղեկատվությունը կարող եք գտնել www.hayak.am կայքում:

 

«Orange Արմենիա» ընկերությունը արդեն երկրորդ անգամ հանդիսանում է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության գլխավոր հավանավորն ու գործընկերը:

 

«Կինոն Orange-ի հովանավորչական գործունեության կարևորագույն ոլորտներից է: Հայաստանում արդեն մոտ երկու տարի է, ինչ գործում է Orange Կինո աննախադեպ ծառայությունը, որի նպատակն է աշխուժացնել կինոյի նկատմամբ հետաքրքրությունը, ինչն օրեցօր ավելի ակնհայտ է դառնում: Orange-ն ունի նաև կինոյին աջակցելու մեծ միջազգային փորձ. մեր ընկերությունն արդեն ավելի քան տասը տարի Կաննի միջազգային կինոփառատոնի և արդեն յոթ տարի` բրիտանական BAFTA-ի պաշտոնական գործընկերն է: Հայկական կինոն ունի հարուստ ավանդույթներ ու լուրջ դպրոց, և մենք երջանիկ ենք լինել այս մրցանակաբաշխության պաշտոնական գործընկերը արդեն երկրորդ տարին, քանի որ հավատում ենք հայկական կինոյի լուսավոր ապագային», - ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

 

Այս տարի «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունը ձեռք է բերել նոր հովանավորներ եւ գործընկերներ: Հայկական կինոոլորտի զարգացման գործին միացել է նաեւ INECOBANK-ը:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը