Սեպտեմբերի 09 2011

 

Հայկական բազմամյա կինոարվեստն իր ձեւավորած հետաքրքիր ավանդույթներն ունի: Դրա վառ ապացույցներից մեկը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի եւ «Օրանժ» ընկերության համահիմնադրմամբ Ազգային կինոյի ամենամյա մրցանակաբաշխություն անցկացնելու նախաձեռնության մեկնարկն է, որը միտված է խթանելու եւ զարգացնելու ազգային կինոարտադրությունը, նոր անունների բացահայտմանը, հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն եւ ազգային կինոարտադրությանը, այլ լավագույն ավանդույթների պահպանմանը:

 

«Այս մրցանակաբաշխությունը քայլ է հայ հանդիսատեսին դեպի կինոարվեստ բերելուն, եւ այն որակական ու փառատոնային իմաստով բուռն է լինելու», - այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

 

2012 թվականի փետրվարին անցկացվելիք մրցանակաբաշխության՝ կինոյի եւ մշակույթի անվանի գործիչներից կազմված ժյուրին, որի նախագահն է ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, Ազգային կինոյի մրցանակ կշնորհի երկու քվեարկության արդյունքում: Առաջին փուլում յուրաքանչյուր անվանակարգի համար ժյուրիի կողմից կընտրվեն 2-3 ֆիլմեր: Երկրորդ փուլում կորոշվեն մրցանակակիրները:

 

Մրցանակները կշնորհվեն 12 անվանակարգերում, այդ թվում՝ լավագույն գեղարվեստական ֆիլմ, լավագույն ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ, նկարիչ, ֆիլմ, դերակատար եւ այլն: Բացի հիմնական անվանակարգերից, կշնորհվի նաեւ մեկ հատուկ մրցանակ՝ հայկական կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար:

 

Յուրաքանչյուր տարի Ազգային կինոյի մրցանակաբաշխության ժամանակ ժյուրին կգնահատի նախորդ տարվա ընթացքում նկարահանված ֆիլմերը: Բացառություն կկազմի միայն առաջին մրցանակաբաշխությունը, որը կամփոփի անկախ Հայաստանի առաջին 20 տարիների կինոարտադրությունը: Կանոնակարգի համաձայն՝ առաջին մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել միայն Հայաստանում՝ 1991-2011 թթ. ընկած ժամանակահատվածում արտադրված ֆիլմերը: Սակայն արդեն հաջորդ տարիներին կինոմրցանակաբաշխությանը կարող են մասնակցել ոչ միայն ՀՀ-ում արտադրված, այլեւ արտերկրում հայկական թեմաներով եւ հայ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր:

 

Որպես հովանավոր եւ փառատոնի համահիմնադիր՝ պատակահան չէր նաեւ «Օրանժ» ընկերության մասնակցությունը, որն ունի կինոյին աջակցելու միջազգային փորձ, եւ ավելի քան 10 տարի հանդիսանում է Կաննի միջազգային, բրիտանական «BAFTA» փառատոների պաշտոնական գործընկերը: «Հայկական կինոն ունի հարուստ ավանդույթներ եւ լուրջ դպրոց, եւ մենք երջանիկ ենք լինել այս մրցանակաբաշխության պաշտոնական գործընկերն առաջին իսկ տարվանից, քանի որ հավատում ենք հայկական կինոյի լուսավոր ապագային», - ասաց ընկերության տնօրեն Բրունո Դյութուան:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը