Սեպտեմբերի 23 2011
«Այս միջոցառման մասին խոսում ենք շատ երկար: Մարզերում այնքան մեծ է ոգևորությունը: Այս տարի մեր կինոն փորձեցինք հասու դարձնել հանրության բոլոր խավերին` ներգրավելով մարզերը, զորամասերը, սահմանամերձ շրջանները: «Կինոաշուն»-ի ծրագրում կներկայացվեն վերջին քսան տարում նկարահանված բոլոր ֆիլմերը, թեև աշխատել ենք յուրաքանչյուր մարզում գոնե մեկ նոր ֆիլմով ներկայանալ հանդիսատեսին», - այսօր «Կինոաշուն» ազգային կինոյի ծրագրի մեկնարկին նվիրված ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Նրա խոսքով` «Կինոաշուն»-ին այս տարի մեծ անակնկալ է մատուցել կինոարխիվը, այնպիսի նյութեր կան, որ ժողովուրդը չի տեսել` 20-30-ականների ժապավեններ, որոնք կցուցադրվեն մարզերում: Մեկնարկը կլինի Սյունիքից` Գորիսի թատրոնում երեկոյան ժամը 7-ին «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությամբ: Կցուցադրվի նաև Սյունիքի մասին ֆիլմ:
Գևորգ Գևորգյանը տեղեկացրեց, որ կցուցադրվեն թե՛ անիմացիոն, թե՛ վավերագրական, թե՛ գեղարվեստական` մի քանի հարյուր ֆիլմեր: Նրա խոսքով` «Կինոաշուն»-ի նպատակներից մեկն էլ կինոցանցի վերականգնումն է, քանի որ պետությունը միայնակ չի կարող վերականգնել քանդված կինոցանցը: Նրա խոսքով` կլինեն նաև Դմիտրի Քեոսայանցին, Ռոբերտ Սահակյանցին ու հայ կինոյի մյուս երախտավորներին նվիրված գրքերի շնորհանդեսներ: Կնշվի Դմիտրի Քեոսայանցի հոբելյանը «Մոսկվա» կինոթատրոնում: «Կինոաշուն»-ի փակումը տեղի կունենա նույն դահլիճում` հոկտեմբերի 28-ին:
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն էլ իր հերթին նշեց, որ այս ծրագիրը կնպաստի հայկական կինոյի զարգացմանը: «Կինոաշուն»-ը մեզ համար կարևոր էր, քանի որ մեր ժողովրդին է ներկայացնում մեր կինոն, ընդգրկում է ողջ Հայաստանը ու բնավ էլ պատահական չէ, որ մեկնարկը տրվում է Սյունիքից, ինչը մարզերի բնակիչներին կծանոթացնի հայկական կինոյի ավանդույթներին», - ասաց նա: «Կինոաշունն» այս տարի նվիրվում է Հայաստանի անկախության 20-ամյակին: Անցկացվում է Սերժ Սարգսյանի հովանավորությամբ, հովանավորում է Ռուսաստանի հայերի միությունը, որը հատկացրել է 25 հազար դոլար: Երեք միլիոն դրամ էլ հատկացրել է մշակույթի նախարարությունը:
Ֆիլմեր կցուցադրվեն նաև «Նաիրի» կինոթատրոնում, Նարեկացի արվեստի միությունում, Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում, ԵՊՀ-ում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը