Նոյեմբերի 02 2016
Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) և «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի հրավերով աշխատանքային այցով Երևանում են գտնվում Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբել Կաստրոն և Եվրիմաժի անիմացիոն և խաղարկային ֆիլմերի գծով փորձագետ Իրիս Կադուն:
Եվրիմաժի ներկայացուցիչների հայաստանյան այցն անցկացվում է «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Այցն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Նոյեմբերի 1-ին հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ պաշտոնական մամուլի ասուլիսը, որին ներկա էին Եվրիմաժի ներկայացուցիչներ Իզաբել Կաստրոն և Իրիս Կադուն, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախարարության արտաքին կապերի պատասխանատու Արտաշես Առաքելյանը, Եվրիմաժի Հայաստանի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը:
Հյուրերը կինոարտադրողներին ներկայացրեցին Եվրիմաժի և այլ կինոհիմնադրամների գործունեության առանձնահատկությունների և հայտեր ներկայացնելու կարգի մասին: Ոլորտի մասնագետներին ծանոթացրեցին համատեղ արտադրության և տեղական կինոթատրոնների աջակցության ծրագրերին: Ասուլիսից հետո տեղի ունեցավ հանդիպում հայաստանյան կինոարտադրողների և կինոգործիչների հետ, որոնք հարց ու պատասխանի միջոցով ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Նոյեմբերի 2-ին արդեն տեղի կունենան անհատական աշխատանքային հանդիպումներ տեղական կինոգործիչների հետ (պրոդյուսերների, ռեժիսորների և կինոոլորտի այլ մասնագետների հետ): Անհատական հանդիպումները (one-to-one meetings) ընթացիկ նախագծեր ունեցող կինոարտադրողների համար, որոնք տեղի կունենան նոյեմբերի 2-ին ժամը 10:00 - 12:30-ը և 14:30 - 16:00-ն «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում: Մասնակիցները հնարավորություն կունենան խորհրդատվություն ստանալու և իրենց կինոնախագծերը մանրամասնորեն քննարկելու Եվրիմաժի փորձագետների հետ:
Նշենք, որ անհատական հանդիպումների համար արդեն ստացվել է 45 հայտ: Յուրաքանչյուր նախագծի համար նախատեսված է 15 րոպե: Աշխատանքային լեզուն լինելու է անգլերենը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2016 թվականի հունվարից անդամակցում է Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամին, որպես 37-րդ անդամ պետություն: Նոյեմբերին կայանալիք այցը՝ Եվրիմաժի ներկայացուցիչների առաջին պաշտոնական այցն է Հայաստան:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը