Հունիսի 04 2013
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ արդեն հինգերորդ տարին է հայ ռեժիսորներն ու պրոդյուսերները հնարավորություն են ունենում իրենց նախաձեռնությունները, կինոնախագծերը, նոր կինոառաջարկները, նաեւ արտադրական եւ հետարտադրական փուլերում գտնվող ֆիլմերը ներկայացնել Կաննի փառատոնում գործող տասնօրյա կինոշուկայում, որտեղ Հայաստանը ունի մշտական տաղավար։
Կինոշուկայի օրերին, բացի հայկական կինոնախագծերից, ֆիլմերից, ծրագրերից, Հայաստանի ազգային կինոկենտրոնը առանձին աշխատանքներ է իրականացրել մի շարք կարեւոր միջազգային նշանակության կինոկազմակերպությունների հետ համագործակցության եւ դրանց անդամակցելու ուղղությամբ՝ նախապես նրանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
Կինոշուկայի առաջին իսկ օրերին, Ազգային կինոկենտրոնի տնօրեն, Կաննի հայկական պատվիրակության ղեկավար Գ. Գեւորգյանը հանդիպումներ է ունեցել Յուրիմաժի, Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC-ի) ներկայացուցիչների հետ։ Աուդիովիզուալ օբսերվատորիային ներկայումս անդամակցում է 40 երկիր: Հայաստանը` ի դեմս Գ. Գեւորգյանի ընդգրկվել է վարչության կազմում: Յուրիմաժի գործադիր տնօրեն Ռոբերտ Օլլայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի անդամակցության հարցերը, ինչպես նաեւ դրանով պայմանավորված նոր կինոհամագործակցությունների հնարավորությունների օգտագործման տարբերակները։ Նախնական պայմանավորվածության համաձայն` 2014թ. Հայաստանը պատրաստվում է անդամակցել Յուրիմաժին։
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ. Գեւորգյանը հանդիպել է, նաեւ «Համաշխարհային կինոֆոնդի» տնօրեն Դուգլաս Լայբլի հետ (կառավարող տնօրեն) քննարկել են «Սայաթ-Նովա» ֆիլմի վերականգնման աշխատանքների ընթացքի մասին, ապա նաեւ քննարկել` վերականգնումից հետո ֆիլմը 2014թ. Կաննի կինոփառատոնում որպես համաշխարհային ճանաչում ունեցող Լավագույն ֆիլմ ցուցադրելու հարցը (Կաննը ամեն տարի ունենում է մեկ նման ցուցադրություն), միաժամանակ, քննարկվել է նաեւ Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի վերականգնման հարցը: Նշենք, որ այս կարեւոր կինոկառույցը` «Համաշխարհային կինոֆոնդը» հիմնադրել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Մարտին Սկորցեզեն:
Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարանդոյի հետ հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության պայմանագիր վերակնքել համատեղ կինոարտադրության պայմանագրի, ինչպես նաեւ «ՀՀ կինոյի մասին» օրենքի նախագծի մշակման հետ կապված հարցերը։
Բացի այդ, Գ. Գեւորգյանը հանդիպել է նաեւ թուրքական «Հերսեյֆիլմ» կինոարտադրող ընկերության զարգացման գծով տնօրեն Ս. Աթասագունի հետ՝ քննարկել հնարավոր համագործակցության տարբերակները։ Ի դեպ, հանդիպման նախաձեռնողը թուրքական կողմն է եղել։ Եղել են նաեւ մի շարք այլ կարեւոր հանդիպումներ, ռուսական «Ռուսիկո» ընկերության ներկայացուցիչների, Վենետիկի կինոփառատոնի կինոշուկայի տնօրեն Պասկալ Դիոտի, Ռիգայի կինոթատրոնների վերազինման աշխատանքներով զբաղվող «Dremsim» կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Պառվատկինի հետ, ինչպես նաեւ ամերիկյան «Քենդի Մարշալ» կինոընկերության հետ, որը հետաքրքրված է Հայաստանում կինո նկարահանելու հնարավորություններով։
Այս ամենից զատ, Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կայացել են հայ ռեժիսորների ֆիլմերի եւ կինոնախագծերի շնորհանդեսները. Ջիվան Ավետիսյանը ներկայացրել է «Թեւանիկ», Մարիա Սահակյանը եւ Ջեֆ Գալուստյանը «Ֆլորիստը» հեքիաթ-նախագիծը, Ռուբեն Քոչարը «Իմ անունը Վիոլա է» եւ այլ նախագծեր: Բացի այդ, տեղի են ունեցել նաեւ այլ հանդիպումներ մի քանի արտադրող ընկերությունների հետ։ Հայկական մի քանի կարճամետրաժ ֆիլմեր ներկայացվել են Կարճամետրաժ ֆիլմերի արտամրցութային ծրագրում։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը