Ապրիլի 02 2021

Հայաստանի ազգային կինոկենտրոնում ապրիլի 1-ին տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլենի և Կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի միջև։ Հանդիպմանը ներկա էին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային ծրագրերի ղեկավար՝ Սիրիել Լուրդը, համագործակցության ծրագրերի պատասխանատու՝ Մարիամ Դավթյանը, Կինոկենտրոնի ֆիլմհանձնակատար Մելիք Կարապետյանը։

 

Կողմերը կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարուստ մշակութային ավանդույթներն ու կապերը, քննարկեցին համատեղ կինոարտադրության ներկայիս հաջողությունները, մասնավորապես 2020թ․ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրության կինոնկարի՝ Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում ընդգրկվելու մասին։ Միաժամանակ քննարկվեց կինոարտադրության և հայկական կինոժառանգության վերականգնման ու պահպանման հարցերի կարևորությունը։

Շուշանիկ Միրզախանյանը խոսելով կինոկենտրոնի գործունեության մասին, ներկայացրեց նախատեսվող տարբեր կինոծրագրերը և իրականացվելիք աշխատանքները, իսկ Գիյոմ Նարժոլեն նշեց, որ հնարավորության սահմաններում կփորձեն իրենց մասնակցությունն ունենալ և աջակցել ծրագրերի իրականացմանը, միաժամանակ պատրաստակամություն հայտնեց ակտիվացնել կապերը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական տարբեր մշակութային ինստիտուտների միջև։

 

Հանդիպումը բավականին արդյունավետ էր և կողմերը պատրաստակամություն հայտնեցին զարգացնել փոխհամագործակցությունը՝ ի նպաստ հայ-ֆրանսիական մշակութային բարեկամության։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը