Հոկտեմբերի 11 2012

 

Ղարաբաղյան պատերազմի մասին «Եթե բոլորը…» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակաբաշխության ընդլայնված ցուցակում՝ «լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

 

Ֆիլմը, որը պատմում է պատերազմի և պարզ մարդկային փոխհարաբերությունների մասին, կինոսիրողների ուշադրությունը գրավել է մեծ էկրան բարձրանալուց անմիջապես հետո: Կինոնկարը, որը նկարահանվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո և նվիրված է Հայաստանի անկախության և հայկական բանակի ստեղծման 20-ամյակին, մեծ արձագանք է ստացել ոչ միայն հայրենական, այլև միջազգային ԶԼՄ-ներում: Հոկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ ֆիլմն ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության ընդլայնված ցուցակում:

 

«Եթե բոլորը…» ֆիլմը սեպտեմբերի 19-ին ցուցադրվել է Կիպրոսի հայ համայնքի համար, սեպտեմբերի 15-23-ը այն մասնակցել է «Կինոշոկին», իսկ հոկտեմբերի 7-ին՝ Բուխարեստում «Արվեստների փառատոնին»:

 

Ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմի ասիական պրեմիերան տեղի է ունեցել Հարավային Կորեայում փառատոնի շրջանակում՝ սեպտեմբերի 4-13-ը: Այն նոյեմբերի 1-10-ը Մոսկվայում կդիտեն «Շողարձակ հրեշտակ» միջազգային բարեգործական փառատոնի մասնակիցներն ու հյուրերը:

 

«Օսկար» մրցանակի թեկնածուները հայտնի կդառնան 2013-ի հունվարի 13-ին, իսկ մրցանակների հանձնման արարողությունը կկայանա փետրվարի 24-ին, Լոս Անջելեսում՝ հայտնի Hollywood and Highland Center-ում:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը