Հոկտեմբերի 30 2012
«Կինոաշունը» արդեն երրորդ անգամ կինոտոն պարգեւեց բոլորին` մեծերին ու փոքրերին, երիտասարդներին ու պատանիներին: Ուղիղ մեկ ամիս կինոն ու իր հանդիսատեսը միավորվեցին` հիշեցին հին ու բարի ժամանակները, ծանոթացան նորերին, ճանաչեցին իրենց ազգային արժեքները, շփվեցին արվեստներից թերեւս ամենագերողին: Կինոտոնը շրջեց ամբողջ Հայաստանը` մեծ ու փոքր բնակավայրեր, սահմանամերձ գոտիներ, զորամասեր, ավաններ ու քաղաքներ: Ամենուր հավատարիմ հանդիսատեսը խանդավառությամբ ու սպասումով էր դիմավորում շատ սիրված Կինոաշնան ցուցադրումներին: Մի քանի հարյուր ցուցադրություններ` տասնյակ բնակավայրերում, բուհերում, կրթամշակութային կենտրոններում, զորամասերում: Ազգային կինոյի ամիսը` «Կինոաշունը» հոկտեմբերի 30-ին «Նաիրի» կինոթատրոնում հրաժեշտ տվեց իր հանդիսատեսին` նոր հանդիպման հաստատ սպասումով:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքերով, թեեւ, «Կինոաշունը» պաշտոնապես փակվեց, սակայն որոշ մարզերում, բնակչության խնդրանքով, այն երկարաձգվել է մինչեւ նոյեմբերի 5-ը` ավելացված կինոցուցադրումների համար: Ծրագրի տնօրենը ներկաներին հայտնեց, որ արդեն ավանդական եւ սպասված այս կինոտոնը հաջորդ տարի կինոդիտումներ եւ հանդիպումներ կկազմակերպի նաեւ Արցախում: Գ. Գեւորգյանը հայտարարեց, որ հաջորդ տարի, «Կինոաշուն-2013-ը» կներկայանա եւս մեկ հետաքրքիր բաղադրիչով, ֆիլմացանկերում կընդգրկվեն սփյուռքահայ կինոռեժիսորների աշխատանքները: Ազգային կինոտոնի մեկ ամսյակը եւս մեկ անգամ հնարավորություն ընձեռեց մեծարելու եւ հիշելու հայ կինոյի երախտավորներին` կազմակերպելով նրանց հոբելյանները: Կինոտոնն այս տարի նվիրվել էր հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 120-ամյակին, ինչի առթիվ «Նաիրի» կինոթատրոնում անցկացվեց վարպետի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն` «Անհայտ Բեկնազարովը» խորագրով: Իսկ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում կազմակերպվեց գիտաժողով` «Բեկնազարովը եւ ժամանակը» թեմայով:
«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագրի շրջանակներում հայտարարված գրախոսականների մրցույթի արդյունքներն հայտարարեց մրցութային հանձնաժողովի նախագահ` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի, Կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Անիտա Երզնկյանը: Նա նշեց, որ տարեցտարի մասնակիցների թիվը աճում է, իսկ աճի հետ գրանցվում է նաեւ որակական առաջընթաց: Ընդհանուր առմամբ, գրախոսականների մրցույթին այս տարի մասնակցել են արվեստի բուհերի 45 ուսանող, 1 կինոքննադատ եւ 1 թատերագետ, կինոլրագրող: Հաղթողները արժանացան դիպլոմների եւ դրամական պարգեւների:
Նշենք, որ նախորդ տարիների համեմատ մասնակիցների թիվը աճել է` համապատասխանաբար 17, 33 եւ այս տարի արդեն 47: Հիշեցնեք, որ «Կինոաշուն» ծրագրի նորություններն ու ֆիլմերի ցանկը ամեն օր թարմացվել է Facebook-ի Կինոաշուն եւ Ազգային կինոկենտրոնի էջերում, եւ միաժամանակ դրանցում տեղ գտած տեղեկատվությունը իր հերթին տարածվել է գրեթե 50 հազար օգտատեր ունեցող «ԱՐՄԵՆԻԱ» էջում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը