Հոկտեմբերի 12 2015

Հոկտեմբերի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա նշանավոր գրող Սերգեյ Դովլաթովի մահվան 25-րդ տարելիցին նվիրված «Դովլաթովի հինգ անկյունները» նոր վավերագրական ֆիլմի պրեմիերան, որի հեղինակներն են Ազա Բաբայանն ու Վադիմ Դուբնովը:

 

Սերգեյ Դովլաթովի մասին պատմող հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմը նկարահանվել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Ֆիլմի պրեմիերային ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրել է գրողի այրուն և դստերը՝ Ելենա և Եկատերինա Դովլաթովաներին, որոնք բնակվում են ԱՄՆ-ում: Կինոնկարի պրեմիերային կմասնակցեն նաև ռուս մշակույթի գործիչներ Ալեքսեյ Գերման կրտսերը, Ալեքսեյ Կոտը և այլք:

 

Դովլաթովին նվիրված այս ֆիլմը ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող այն ծրագրի մասն է, որը նպատակ ունի հանրությանը ներկայացնել հայազգի այն գործիչներին, որոնք ապրել և ստեղծագործել են հայրենիքից հեռու: Գրեթե 60 րոպե տևողությամբ կինոնկարը ներկայացնում է Դովլաթովի ստեղծագործության տեղն ու նշանակությունը ռուսական մշակույթի խճանկարում և փորձում է բացահայտել գրողի երկերի յուրահատկությունը:

 

«Դովլաթովի հինգ անկյունները» վավերագրական ֆիլմն ունի գեղարվեստական տարրեր: Այն բաղկացած է նախաբանից, վեց տարբեր մասերից և վերջաբանից: Յուրաքանչյուր մաս սկսվում է Դովլաթովի գործերի ընթերցումով, ներկայացվում է գրողի գրքերից մեկը: Ֆիլմում օգտագործված են արխիվային նյութեր, մասնավորապես` Դովլաթովի հարցազրույցներն ու ելույթները, խորհրդային շրջանի կինոկադրեր, հեռուստաժամանակագրություն և այլն: Նկարահանումները տեղի են ունեցել Սանկտ Պետերբուրգում, Տալլինում, Թբիլիսիում, Պսկովում և Նյու Յորքում:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը