Փետրվարի 17 2026

Փետրվարի 16-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Փարիզի արվեստի ու մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնը այցելեց Հայաստանի կինոյի հիմնադրամ։ Այցը կարևոր քայլ էր հայ–ֆրանսիական մշակութային համագործակցության խորացման և միջազգային կինոհարթակներում հայկական ներկայության ընդլայնման ուղղությամբ։

 

Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լը Բոնի հետ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Պոմպիդու կենտրոնի գրասենյակի ղեկավար Ան Լեհունը, զարգացման բաժնի ներկայացուցիչ Սիրիել Լուրդը և ոլորտի ներկայացուցիչներ։

 

Հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը ներկայացրեց կառույցի ռազմավարական առաջնահերթությունները՝ շեշտադրելով հայկական կինոժառանգության պահպանման և վերականգնման լայնածավալ ծրագրերը։ Առանձնակի ուշադրություն դարձվեց վերականգնված ֆիլմերի միջազգային հանրահռչակմանը՝ որպես ազգային մշակութային արժեքի համաշխարհային շրջանառություն ապահովելու կարևոր գործիք։ Բանուչյանը ընդգծեց, որ Հայաստանը, որպես ֆրանկոֆոն մշակութային տարածքի ակտիվ մասնակից, կարևորում է հայկական անիմացիոն և հեղինակային ֆիլմերի ֆրանսերեն ենթագրերով ցուցադրությունը և դրանց մուտքը ֆրանկոֆոն երկրների կինոհարթակներ։

 

Լորան Լը Բոնը ներկայացրեց Պոմպիդու կենտրոնի առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով, որ կենտրոնը զարգացնում է ոչ միայն թանգարանային փակ ձևաչափը, այլև բաց, հանրային ցուցահանդեսների և միջազգային համագործակցությունների նոր մոդելներ։ Նա նշեց, որ Պոմպիդու կենտրոնը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի կինոյի հիմնադրամի հետ՝ ինչպես կինոժառանգության հանրահռչակման, այնպես էլ կրթական և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին նաև հստակեցնել աշխատանքային քննարկումները միջազգային կինոփառատոնների և մշակութային հարթակների շրջանակում՝ հստակեցնելու համագործակցության մեխանիզմները և ձևավորելու երկարաժամկետ գործընկերային օրակարգ։

 

 

Հայաստանի կինոյի հիմնադրամ
Հասարակայնության հետ կապերի բաժին

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը