Հոկտեմբերի 01 2021

Ուրախ ենք տեղեկացնել, որ այլևս իրականություն դարձավ «Իրանի ժամանակակից կինոյի օրերը Հայաստանում» ծրագիրը։ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2021թ. երևանյան կինոցուցադրումները նվիրեցին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հիմնադրման 30-ամյակին։

Սեպտեմբերի 23-25-ը «Մոսկվա» կինոթատրոնը իր դռներն էր բացել երկու երկրների հանդիսատեսի առջև: Ցուցադրվեցին իրանական ժամանակակից երեք ֆիլմեր՝ «Թիկնապահը» (ռեժ. Էբրահիմ Հաթամիկիա, 2016թ.), «Վիլլայի բնակիչները» (ռեժ. Մունիր Ղեյդի, 2017թ.), «Գիշերային հերթափոխ» (ռեժ. Նիկի Քարիմի, 2021թ.), հայ հանդիսատեսի համար նախապես պատրաստված հայերեն ենթագրերով։ Եռօրյա ցուցադրությունները անցան բազմամարդ դահլիճում, ինչը ևս մեկ անգամ փաստում է երկու երկրների մշակութային համագործակցության կարևորությունն ու շարունակականության անհրաժեշտությունը:

 

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 21-ին՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն Ալիռեզա Թաբեշը, հայ-իրանական մշակութային համագործակցության շրջանակում վերաստորագրեցին դեռևս 2017թ․ գործող կինեմատոգրաֆիայի ոլորտում հայ-իրանական համագործակցության համաձայնագիրը։ Սույն համաձայնագիրը ենթադրում է գործակցության բազմազան ուղղություններ. նպաստել կինոժառանգության պահպանությանը, մանկապատանեկան կինոծրագրերի ստեղծմանը, համատեղ կինոարտադրության զարգացմանը, երկկողմ կրթական ծրագրերի իրականացմանը, հայ-իրանական կինոշուկայի ձևավորմանը, ֆիլմերի տարածմանն ու երկկողմ փառատոների մասնակցությանը։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը