Ապրիլի 09 2022

Հայաստանի ազգային կինոկենտրոնի համար ապրիլի 8-ը՝ առանձնահատուկ օր էր: Վերակառուցված և վերանորոգված պատմական շենքում (1928-1929թթ․)՝ Տերյան 3ա հասցեում, վերաբացվեց Ազգային կինոկենտրոնի գրասենյակը, որին ներկա էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ԱԺ պատգամավորներ և մշակութային գործիչներ:

 

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը իր խոսքում ուրախությամբ նշեց, որ Կինոկենտրոնը տարիների դեգերումից հետո վերջապես «վերադարձել է հարազատ տուն»։ «Սա պատմական տարածք է և պատահական չէ, որ մենք այսօր այստեղ ենք, որովհետև այդ թվականներին այստեղ կառուցվել է կինոտաղավար, որն  համարվում էր երրորդ ամենամեծ կինոտաղավարը Սովետական Միության տարածքում: Ուզում եմ անպայման նշել, որ տարիներ շարունակ այս տարածքում ոչ մի ներդրում չի կատարվել, և ես հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին, նախարարի տեղակալ Արա Խզմալյանին, և բոլոր նրանց, ովքեր շարունակաբար աջակցել են մեզ այս աշխատանքներում, ինչի շնորհիվ էլ մենք այսօր վերադարձել ենք մեր պատմական տարածք՝ արդեն վերանորոգված և կահավորված»,- նշեց Միրզախանյանը:

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորեց բոլորին և նշեց, որ ենթակառուցվածք ստեղծելը շատ կարևոր պայման է, բայց ավելի կարևոր պայման է բովանդակությունը: «Մենք ամեն օր համոզվում ենք, որ այս ոլորտում գնալով  ավելի լավ բովանդակություն ենք սկսել ստեղծել, իսկ լավ բովանդակության համար կարևոր ու պարտադիր պայման է ենթակառուցվածքը։ Այն կդառնա յուրօրինակ խթան էլ ավելի լավ բովանդակությամբ ծրագրեր իրականցնելու համար, մասնավորապես, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ», - ասաց նա:

 

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս իրադարձությունը վկայությունն է ոլորտի հանդեպ ունեցած լուրջ վերաբերմունքի մասին։ Նրա խոսքերով, վերջին երկու տարիների ընթացքում աննախադեպ կապիտալ հատկացումներ են կատարվել մեր մշակութային հաստատություններին՝ թատրոններին, համերգասրահներին այսօր նաև Ազգային  կինոկենտրոնին։ Այսուհետ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը իր գործունեությունը շարունակելու է նոր ու հիմնական՝ ՏԵՐՅԱՆ 3ա հասցեում՝ նոր նախագծերով, նոր հեռանկարներով և նոր ձեռքբերումներով:

 

Բացման հանդիսավոր արարողության համագործակցության համար շնորհակալություն ենք հայտնում «Նռնենի»  խանութ-սրահին` տնօրեն Ինգա Մովսիսյան, «Ջրաղացպանյան» գինիների գործարանին` տնօրեն Արտաշես Ջրաղացպանյան, «Կարենո» տորթերի խանութ-սրահին` տնօրեն Կարեն Խաչատրյան, «Կոմպլես Սպլայ» ՍՊԸ-ին` տնօրեն Գոռ Անանյան, տարածքի շինարարական ընկերության ղեկավարներին` տնօրեններ Մհեր Մխեյան և Նարեկ Քոսակյան:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը