Հունիսի 23 2023

Հիշեցնենք, որ հունիսի 13-ից-17-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնն առաջին անգամ հայկական տաղավարով մասնակցեց Ֆրանսիայում անցկացվող Անսիի միջազգային անիմացիոն փառատոնին կից MIFA կինոշուկայի աշխատանքներին, որտեղ իրենց գործունեությունն էին ծավալել անիմացիոն կինոգործիչները:

 

Հունիսի 22-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնում տեղի ունեցավ հանդիպում կինոշուկային մասնակցություն ունեցած հայկական անիմացիոն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք մանրամասն  ներկայացրին կատարված աշխատանքները, ձեռք բերված պայմանավորվածություներն ու հետագա ծրագրերը, պատմեցին իրենց հաջողությունների ու տպավորությունների մասին:

 

Կինոշուկայում հայ արտադրողները մասնակցել են մի շարք ցանցային հանդիպումների և պանելային քննարկումների, ներկայացրել են նորարարական մոտեցումներ և գաղափարներ, մասնավորապես,  «ՕնOֆֆ» ստուդիայի թիմը իրականացրել է վարպետաց դասեր՝ որպես գործիք կիրառելով  VR տեխնոլոգիան՝անիմացիոն ֆիլմի ստեղծման համար: Նշենք, որ VR տեխնոլոգիաներով անիմացիայի ստեղծումը նորարարություն է համարվում ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, որը հետաքրքրություն էր առաջացրել անիմացիոն կինոշուկայում՝ ապահովելով մեծ շարժ և հետաքրքրություն հայկական տաղավարի նկատմամբ։

 

Կարևորագույն նվաճումներից է նաև այն, որ հունիսի 16-ին MIFA կինոշուկայի հայկական տաղավարում ստորագրվել է համատեղ արտադրության համաձայնագիր հայկական «ՕնOֆֆ» անիմացիոն ստուդիայի համահիմնադիր պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանի և «Սակրեբլո Փրոդաքշնս» ֆրանսիական աշխարհահռչակ անիմացիոն ընկերության հիմնադիր պրոդյուսեր Ռոն Դայեսի միջև՝ ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Զակո» լիամետրաժ անիմացիոն ֆիլմի համատեղ արտադրության վերաբերյալ: Նշենք, որ «Սակրեբլո Փրոդաքշնս» ընկերության ֆիլմերը բազմիցս հայտնվել են Եվրոպական ամենահեղինակավոր փառատոներում, արժանացել ամենաբարձր գնահատականների ու մրցանակների:

Նշենք նաև, որ «ՕնOֆֆ» անիմացիոն ստուդիայի մասնակցությունը Անսիի միջազգային անիմացիոն փառատոնին իրականացվել է Հ․ Հովնանյան հիմնադրամի աջակցությամբ։

 

Շնորհավորում ենք մեր գործընկերներին նման մեծ ձեռքբերման առիթով և մաղթում նորանոր հաջողություններ իրենց հետագա ստեղծագործական կյանքում։

 



 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը