Հունվարի 21 2022

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին (MoMA) մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք՝ կարճամետրաժ ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան, 1967), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա, 1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան, 1986)) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։ Այս առիթով, թանգարանը 2022թ․ հունվարի 19-ին և 20-ին՝ The MoMA International Festival of Film Preservation «To Save and Project» ծրագրի շրջանակում, արվեստասեր հանրությանը ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի պոետիկ վավերագրության յուրօրինակ ամբողջությունը՝ տրիպտիխը:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկնազարով նախագիծ» ընկերության համագործակցության շնորհիվ իրականացվել են Սերգեյ Փարաջանովի երեք կարճամետրաժների վերականգնման և ժապավենային տպագրության աշխատանքները։ Ֆիլմերի վերականգնման աշխատանքները ֆինանսավորվել են Ֆիքսաֆիլմի կողմից Համո Բեկնազարով նախագծի շրջանակներում լոնդոնյան «Կինոկլասիկա» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, իսկ ՀԲԸՄ Նյու Յորքի կենտրոնի կողմից ֆինանսավորվել է վերականգնված օրինակների ժապավենային (35մմ) տպագրությունը՝ 5 օրինակով։ Օրինակներից մեկը պահպանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնում, մեկական օրինակներ տրվել են Վրաստանին և Ուկրաինային։ Եվ մեկական օրինակներ էլ մշտական պահպանության են հանձնվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին և Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։

 

Նշենք, որ Փարաջանովի կարճամետրաժների ժապավենային տրիպտիխը՝ ուղիղ մեկ ամիս առաջ (դեկտեմբերի 15, 2021թ․), հանդիսավոր պայմաններում մշտական պահպանության հանձնվեց Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։ Ի դեպ, Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» հայկական առաջին ֆիլմն է, որն իր կարևոր տեղը զբաղեցրեց համաշխարհային նշանակության երկու խոշոր արվեստի կենտրոններում՝ MoMA-ում և Պոմպիդուում:

 

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերականգնված երեք կարճամետրաժների ծրագիրն իրականացնելու նպատակով համագործակցել է Ուկրաինայի (Դովժենկոյի կենտրոն), Վրաստանի (Վրացական ֆիլմ), Ռուսաստանի (Gosfilmofond) գործընկերների հետ, ինչպես նաև Լեհաստանի (Fixafilm), Ֆրանսիայի (Համո Բեկ-Նազարով նախագիծ), Լոնդոնի (Kino Klassika), ՀԲԸՄ-ի նյույորքյան կենտրոնի հետ։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը