Մարտի 09 2022
Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Մոսկվա» կինոթատրոնը համատեղ՝ Կանանց միջազգային օրվան նվիրված, ցուցադրեցին 4 կին ռեժիսորների ֆիլմեր։ Ծրագրում ընդգրկված էին ռեժիսորներ Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» (15ր․, անգլերեն ենթագրեր), Լուսինե Պապոյանի «2 անհայտով հավասարում» (12ր․), Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը», (28ր․, անգլերեն ենթագրեր), Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» (53ր․, անգլերեն ենթագրեր) ֆիլմերը։ Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ հետաքրքիր հարց ու պատասխան ֆիլմի հեղինակների և հանդիսատեսի միջև։
Լուսինեն այնքան էլ չի կարևորում՝ մեծ էկրան բարձրանալու համար կանանց տոն է, թե սովորական օր։ Կարևորը՝ ֆիլմեր ցուցադրվեն։ «Ողջունելի է, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը երիտասարդներին ֆիլմեր նկարելու հնարավորություն ավելի շատ է ընձեռում։ Սա ռեժիսորների համար ինքնարտահայտվելու միակ ճանապարհն է», - ասում է նա։
«Ժառանգը» ֆիլմն Էվելինա Բարսեղյանի 4-րդ կարճամետրաժն է։ Նա չի կարևորում՝ ֆիլմ նկարողը կին է, թե տղամարդ։ Ռեժիսուրայում կարևորը մարդն է ու նրա անհատականությունը։ «Միգուցե Հայաստանում կին ռեժիսոր լինելը մի քիչ դժվար է, բայց առհասարակ սեռը կարևոր չէ», - նկատում է նա։ «Ժառանգը» ֆիլմը, որը հեղինակը նկարել է Դդմաշենում, մասնակցել է տարբեր փառատոների ու 6 մրցանակ է ստացել, այդ թվում՝ Ռուսաստանում, Հոնկոնգում։ Առաջիկայում կինոնկարը մասնակցելու է նաև Իտալիայում՝ Միլանում անցկացվելիք կանանց ֆիլմերի փառատոնին։ Նա համոզված է, որ այս մասնակցությունները տարբեր փառատոներին կարևոր է, քանի որ այն կանանց ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս։
Կանայք նկարում են կանանց մասին։ Ռեժիսոր Նաիրի Հախվերդիի դեպքում ճիշտ այդպես է։ «Ավլելով Երևանը» ֆիլմում նա պատմում է ամեն օր աղջամուղջին, ավելի ճիշտ՝ գիշերով Երևանն ավլող կանանցից մեկի՝ Մարինեի մասին։ Նաիրին մի օր մոտեցել է ավլող կնոջն ու հարցրել՝ մասնագիտություն չունե՞ք, որ ավելն եք վերցրել։ Այդտեղից էլ սկսվել է երկու կանանց ծանոթությունը։
Կինոգետ Րաֆֆի Մովսիսյանի համոզմամբ՝ ցանկացած դեպքում, երբ ֆիլմն էկրան է բարձրանում, հրաշալի է, իսկ այս դեպքում կրկնակի հրաշալի է, որովհետև կանանց միջազգային օրը ցուցադրվում են կին ռեժիսորների դեբյուտային ֆիլմերը։ «Այսօրվա պետական քաղաքականությունը նպաստում է, որպեսզի դեբյուտային ֆիլմեր նկարվեն, նոր անուններ ի հայտ գան։ Տեսնում ենք, թե ինչքան նոր ռեժիսորներ են ասպարեզ մտել։ Փաստ է, որ անկախության առաջին տասնամյակում մենք կին ռեժիսորներ չենք ունեցել», - համոզված է Րաֆֆի Մովսիսյանը։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը